Մայիսի 4-ին կկայանա վարձկանների գործով առաջին դատական նիստը․ հայտնի է դատավորի անունը

Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված երկու վարձկան ահաբեկիչների դատական առաջին նիստը։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դատական նիստը նախագահելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը։

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել են  Քննչական կոմիտեից, քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի

217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ահաբեկչությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից),

389-րդ հոդվածով (Աիջազգային ահաբեկչությունը),

34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (34-րդ հոդված՝ Հանցափորձ, 390 հոդվածի 1-ին մասին 1-ին կետ՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ – Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները կատարելը՝ սպանությունը), 

34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (34-րդ հոդված՝ հանցափորձ, 390 հոդվածի 1-ին մասին 1-ին կետ՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ – Զինված ընդհարումների ժամանակ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին լուրջ վնաս պատճառած կամ մարդու մահ առաջացրած միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները՝ քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը),

և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (Վարձկանությունը – Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել