Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել․ «Այն Ադրբեջանի տարածքով միացնելու է Ասիան և Եվրոպան»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին հրավիրել է ուսումնասիրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման տարածաշրջանային ծրագրի ներուժը:

«Ադրբեջանը ցանկանում է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային նախագծերի իրականացման մեջ, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքները: Մենք ներկայումս աշխատում ենք Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքի» վրա, որը Ադրբեջանի տարածքով միացնելու է Ասիան և Եվրոպան»,-ասել է Ալիևը երկուշաբթի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ։

Երկրի ղեկավարը նշել է, որ այս միջանցքը թույլ կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն:

«Ես հրավիրում եմ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր երկրներին ուսումնասիրելու այս տարածաշրջանային նախագծի ներուժը», – ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել