Ադրբեջանի կողմից գերեվարված 8 ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել, 5-ի մասով արդեն պատասխան ունենք․ Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների վերաբերյալ։ Նրանց մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։

Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ պարբերաբար տեսանյութեր են հրապարակվում ռազմագերիների մասին, որոնք կոորդինացվում են իրավապաշտպանների և կառավարության կողմից։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը պահանջել է անհապաղ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Տեղեկատվության ենք սպասելու նրանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև պահանջել ենք պարտավորեցնել Արբեջանին միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նաև հայտնեց, որ 5 ռազմագերիների մասով արդեն ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը և ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել։

«Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ ևս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 16-ին, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել