Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից:
Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ էր սեպտեմբերի 25-ից։
Հիշեցնենք, որ 87 կողմ ձայների արդյունքում Գագիկ Ծառուկյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
ԱԱԾ-ից հայտնեել են, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։