Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 4-ին հրաման է ստորագրել, որով սահմանվում են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում:
2. Սույն Կանոնները նախատեսված են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:
2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
3. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝
1) գրասենյակի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,
2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,
3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:
4. Աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ: Աշխատանքն
առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինության դեպքում գրասենյակում սահմանվում է հերթափոխային աշխատանք:
5. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում չեն իրականացվում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներ, կենդանի ժողովներ և հավաքներ` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացման դեպքերի, իսկ անխուսափելիության դեպքում՝ դրանք իրականացվում են առավելագույնը 10 անձի մասնակցությամբ։ Փակ և բացօթյա տարածքներում միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
6. Հնարավորության դեպքում չեն իրականացվում ներգնա և արտագնա գործուղումներ՝ հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով:
7. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների տնօրենները խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։
Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
1) 65 և բարձր տարիքի անձինք,
2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,
4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:
2. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
8. Գրասենյակների ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, սանհանգույցների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:
9. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
10. Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:
11. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակայի հարմարանքով աղբարկղերով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:
12. Աշխատավայրում աշխատող թղթատարը (ցրիչը) գրագրությունները հասցեատերերին հասցնելիս կրում է դիմակ։ Յուրաքանչյուր սենյակից դուրս գալուց և մինչ մյուս սենյակ մտնելը ձեռքերն ախտահանում է 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի։
13. Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:
14. Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, ախտահանվում են գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:
15. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝
1) շենքերի օդափոխությունը.
2) գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ
16. Ապահովվում է ընկերության աշխատողների ջերմաչափումը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափերով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկն աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
17. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:
18. Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
19. Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է դիմակ:
20. Գործատուն ապահովում է աշխատողներին ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:
21. Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված
կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:
Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ:
4. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ
22. Ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:
23. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտք չեն գործում կազմակերպության/գրասենյակի տարածք:
24. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
25. Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:
Ձև 1
Ձև 2
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Ի՞նչ է վիրուսը:
Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:
2. Որո՞նք են ախտանշանները:
Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
3.Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝
1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:
4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա
ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:
5.Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝
1) 65 և բարձր տարիքի անձինք,
2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,
4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:
6.Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝
1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),
3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,
4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,
6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:
7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,
9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։
7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝
1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,
2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,
3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը: