Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանվում են չվճարվող արձակուրդի դեպքերը։
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից.
5) իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր: – (Այս կետը նոր է և ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 12-ին)
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: – (Նախկինում, մինչ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 24-ին «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը, այս կետում նշվում էր․ Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր։ Նոր խմբագրությունն ուժի մեջ է մտել հունիսի 27-ին)։