Ինչո˚ւ է կարճվել դատավոր Սերգեյ Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդը 2013թ. փետրվարի 22-ի նիստում, քննարկելով Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ՀՀ դատական դեպարտամենտի փոխանցմամբ՝ որոշեց գործը կարճել` հետևյալ հիմնավորմամբ.

18.01.2013 թվականին կայացված նիստում Արդարադատության խորհուրդը քննության առնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, որոշել էր հետաձգել հարցի քննությունը` հաշվի առնելով դատավոր Ս.Աղաբեկյանի Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել էր դիմել ՀՀ առողջապահության նախարարին` իր առողջական վիճակը պարզելու նպատակով բժշկական զննություն կատարելու համար:

31.01.2013թ. Արդարադատության խորհուրդը քննության առնելով բժշկական եզրակցության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և Կառավարության 2007թ. հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` որոշել էր դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 07.02.2013թ. թիվ ՆՀ-19-Ա հրամանագրով դադարեցվել է Ս.Աղաբեկյանի լիազորությունները:

Դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, երբ դադարեցվել են դատավորի լիազորությունները, Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

 

Լուսանկարը՝ court.am

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել