Քաղաքական բարձր կամքը դեռևս չի նշանակում, որ համակարգային կոռուպցիան հնարավոր է հաղթահարել. Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն անդրադարձել է այսօր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման համաթվին.

 «Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված 2018 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի Հանրապետությունը առաջընթաց չի գրանցել` 180-րդ երկրների շարքում 35 միավորով զբաղեցնելով 105-րդ հորիզոնականը (2017թ-ին Հայաստանի 35 միավորով զբաղեցնում էր 107-րդ հորիզոնականը): Սա նշանակում է, որ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը տարիներ ի վեր ճիշտ և ամբողջական չի տարվում: Բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի ապակենտրոնացված համակարգից օր առաջ անհրաժեշտ է անցնել կենտրոնացված համակարգի, քանի որ ապակենտրոնացված համակարգի պայմաներում տասնյակից ավելի պետական մարմիններ պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց չկա գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն կկրի գրանցած, այդ թվում բացասական արդյունքների համար: Հակակոռուպցիոն պայքարը պետք տանել կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյունների վրա` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության: Ավելին, այս երեք հենասյունները պետք է լինեն ներդաշնակ համագործակցության, այլ ոչ թե անառողջ մրցակցության մեջ:

Քաղաքական բարձր կամքը դեռևս չի նշանակում, որ համակարգային կոռուպցիան հնարավոր է հաղթահարել, եթե չունենք քաղաքացուն, որպես կառավարության հիմնական դաշնակից` այդ պայքարում: Սրա լուծումը ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ է:

Անհրաժեշտ է ամենօրա աշխատանք տանել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ`սերտորեն աշխատելով հանրային (պետական) և մասնավոր սեկտորներ հետ` փակելու համար օրենսդրության և իրավական ակտերում առկա բոլոր կոռուպցիոն սողանցքներն ու ռիսկերը, կրճատելով պաշտոնյաների և պետական ծառայողների հայեցողական լիազորություները, կարգավորելով շահերի բախման, գույքի, եկամուտների և ծախսերի հետ կախված հարցերը և այլն: Սրա լուծումը ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ է:

Եթե վերը նշված երկու հենասյուները բավարար չեն անձին զերծ պահել կոռուպցիոն վարքագծից, այդ դեպքում վրա է հասնելու երրորդ հենասյունը` ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:

Այս երեք հենասյունները գործի դնելու համար հարկավոր է ինստիտուցիոնալ լուծում` կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված, այն է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՆԿԱԽ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐՄՆԻ ստեղծում, որը կապահովի այդ հենասյունների իրականացումը` ապահովելով դրանց ներդաշնակ համագործակցությունը և բացառելով երեք թևերի միջև անառողջ մրցակցությունը: Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտացված մարմնի անկախությունն և արդյունավետությունը ապահովելու համար մարմնի կառուցման հիմքում պետք է դնել հակակոռուպցիոն անկախ մարմինների վերաբերյալ 2012թ.-ի Ջակարտայի հանրաճանաչ հայտարարությամբ ամրագրված սկզբունքները, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ նոր սերնդի պետական անկախ մարմնի մոդել, երբ մարմինը կունենա.
• ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ բարձր անկախություն,
• բարձր հաշվետվողականություն հանրության և պառլամենտի առջև,
• արժեքներ կրող բարեխիղճ անձնակազմ` ներառյալ ազնվությունը, կոմպետենցիան, էթիկան, հաշվետվողականությունը (այդ թվում ֆինանսական) և հակակոռուպցիոն վարքագիծը,
• հակակոռուպցիոն արդյունավետ կառուցակարգեր և գործիքակազմ,
• մարմնի երեք թևերի միջև արդյունավետ և առողջ համագործակցություն,
• արդի ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների` ներառյալ արհեստական ինտելեկտի օգտագարծման կարողություն:

Բայց մենք ունենք այս ամենի այլընտրանքը` ԻՆԵՐՑԻԱՆ, շարունակել անել այն, ինչ անում էր նախկին կառավարությունը` ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և, լավագույն դեպքում նաև`Կոռուպցիոն հանցագործություները քննող միասնական քննչական մարմինը` համակարգեր կառուցելու և գործարկելու ՀԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ շրջանակներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել