Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք անհրաժեշտ ծավալով քննություն կատարել. ՀՔԾ պետ

Կառավարության նիստից առաջ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուն և կալանավորելուն:

Նրա խոսքով՝ պաշտոնաթող նախագահի փաստաբանների այն դիտարկումը, թե մեղադրանքն անհիմն է, պարզապես ծիծաղելի է:

«Մեղադրանքի որոշումը այնքան պարզ է, այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի և ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են կատարել պաշտպանական կողմի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքական այդ հայտարարությունները»,- նշեց Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադարական կարգը բռնի տապալելու համար:

«Նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործընթացներում բանակի ներգրավվման համար: Բանակի ներգրավվումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին,  այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: Բանակի և զինված ուժերի ներգրավվումը քաղաքական գործընթացներում ուղղակի անթույլատրելի է: Բանակի և զինված ուժերի ներգրավվումը կարելի կլիներ միայն այն դեպքում, երբ հայտարարվում է ռազմական դրություն, սակայն ռազմական դրություն հայտարարած չի եղել»,- նշեց ՀՔԾ պետը:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանի նկատամամբ այսպիսի խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է քննության ընթացքում նրա պատշաճ վարքագիծը ապահովելու համար. «Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ ծավալով քննություն կատարել»:

ՀՔԾ պետը կրկին նշեց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել անգամ չի կարող. «Ես նորից կրկնում եմ՝ այս պրոցեսը խիստ իրավական է»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել