Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում պատասխանատվություն

Վկան` քաղաքացիական, վարչական, քրեական, գործերի շրջանականերում ցուցմունքներ տալու նպատակով, կողմի, քրեական վարույթն իրականացնող մարմնի, դատարանի կողմից, կանչված անձն է, որին հայտնի են քաղաքացիական և վարչական վեճերի, ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ, իսկ քրեական գործով հայտնի է պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Վկայի որպես դատավարության մասնակից իրավունքները և պարտականությունները, ամրագրված են ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 44-րդ և 44.1-րդ հոդվածներով, Վարչական դատավարության Օրենսգրքի 32-36-րդ հոդվածներով, Քրեական դատավարության Օրենսգրքի 86-րդ հոդվածով:

Այսպես,  վկան պարտավոր է`

  • ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
  • տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
  • քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
  • քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
  • քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
  • ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.
  • չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
  • առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
  • դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Գործով դատարանում վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել