Վկան` քաղաքացիական, վարչական, քրեական, գործերի շրջանականերում ցուցմունքներ տալու նպատակով, կողմի, քրեական վարույթն իրականացնող մարմնի, դատարանի կողմից, կանչված անձն է, որին հայտնի են քաղաքացիական և վարչական վեճերի, ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ, իսկ քրեական գործով հայտնի է պարզելու ենթակա որևէ հանգամանք:
Վկայի որպես դատավարության մասնակից իրավունքները և պարտականությունները, ամրագրված են ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 44-րդ և 44.1-րդ հոդվածներով, Վարչական դատավարության Օրենսգրքի 32-36-րդ հոդվածներով, Քրեական դատավարության Օրենսգրքի 86-րդ հոդվածով:
Այսպես, վկան պարտավոր է`
- ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
- տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
- ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.
- չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
- առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
- դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գործով դատարանում վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն: