Ի՞նչ է ազդարարման միասնական էլեկտրոնային համակարգը

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ oրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման հնարավորությամբ:

Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշմամբ հաստատվել է ազդարարման միասնական էլէկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը:

Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 3-ին:

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

12.07.2018թ.-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Ազդարարման համակարգի մասին ՀՀ Օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենքը, որի համաձայն «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ՝

  • Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

Փաստացի փոխվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը, ինչի արդյունքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի պատշաճ գործարկումը:

Իրազեկման աղբյուրը՝

  1. «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենք 8-րդ և 15-րդ հոդվածներ:
  2. «Ազդարարման համակարգի մասին ՀՀ Օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենք հոդված:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել