ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածով սահմանվում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտների ցանկը, ըստ որի բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները.
- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն.
- թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում.
- ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում.
- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.
- ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն.
- ավտոկանգառների գործունեություն.
- բիլիարդ խաղի կազմակերպում.
- սեղանի թենիս խաղի կազմակերպում.
- մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում.
- ատամնաբուժական գործունեություն.
- ատամնատեխնիկական գործունեություն.
- տոտալիզատորի կազմակերպում.
- ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.
- առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:
Այս օրենքի կիրառության իմաստով`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը.
2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Թեթև մարդատար մեքենա է համարվում ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.
3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնութը: Միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով), փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ.
6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար բիլիարդ խաղի կազմակերպման գործունեությունը.
8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.
9) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.
11) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.
12) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.
13) տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը:
Նշենք, որ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չեն համարվում`
1) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվող հանրային սննդի գործունեությունը.
2) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեության իրականացման տվյալ վայրի (հանրային սննդի օբյեկտի) սպասարկման սրահի (սրահների) մակերեսը գերազանցում է 100մ2-ը: Սույն կետի կիրառության իմաստով` սպասարկման սրահի մակերեսի 100 մ2-ի շեմը հարկային տարվա ընթացքում գերազանցելու դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը դադարում է համարվել արտոնագրային հարկով հարկման օբյեկտ շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը` հաշվի չառնելով մինչև հարկային տարվա ավարտը տվյալ գործունեության իրականացման վայրում հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսի փոփոխությունները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումը.
4) առանց սպասարկման սրահի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը: Այն արտոնագրային հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և իրականացնում են պատրաստված խոհարարական արտադրանքի մի մասի սպառման կազմակերպում (համապատասխան սպասարկման սրահի միջոցով)` արտոնագրային հարկ վճարող են հանդիսանում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման մասով, իսկ առանց սպառման կազմակերպման օտարված արտադրանքի մասով կիրառվում է Օրենսգրքով սահմանված հարկման ընդհանուր կամ այլ հարկման հատուկ համակարգը.
5) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գործունեության տեսակները, անկախ այդ գործունեության տեսակների իրականացման ընթացքում ծառայություններից օգտվող անձանց շրջանակներից.
6) թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.
7) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.
8) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը.
9) շարժական կապի երկրային ցանցի կիրառությամբ տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների կազմակերպման գործունեությունը.
10) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է հինգ և ավելի աշխատատեղերի միջոցով: Սույն կետի կիրառության իմաստով` աշխատատեղերի շեմը հարկային տարվա ընթացքում գերազանցելու դեպքում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը դադարում է համարվել արտոնագրային հարկով հարկման օբյեկտ շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը` հաշվի չառնելով մինչև հարկային տարվա ավարտը տվյալ գործունեության իրականացման վայրում աշխատատեղերի քանակի փոփոխությունները.
11) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեությունը, եթե այն իրականացվում է Օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: