Մաքսային ծառայության փոխգնդապետ 41-ամյա Սուրեն Ղազարյանը ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Իսկ մաքսային ծառայության ոլորտում սկսել է աշխատել 2003 թվականից։ Մինչ այս՝ 1995-98 թվականներին եղել է «Երհացառ» ՓԲ ընկերության թիվ 216 խանութի վարիչ, 98-2002 թվականներին՝ «Տոնահաց» ԲԲ ընկերության տնօրեն, իսկ 2002 թվականի հունվար-հուլիս ամսիներին աշխատել է «Պարենպլաստ» ՓԲԸ-ի ավագ տնտեսագետ։
Սուրեն Ղազարյանն իր ներկայիս պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է՝
- մեկ հատ հողամաս,
- 100 միլիոն դրամ (շուրջ 200 հազար դոլար) դրամական միջոցներ,
- 2,7 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատանքի դիմաց վարձատրությունից։
Ըստ հայտարարագրի՝ նա բնակվում է կնոջ՝ Հռիփսիմե Սարգսյանի և անչափահաս երեք դուստրերի հետ։ Այս անձիք դեռևս հայտարարագրեր չեն ներկայացրել։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2005 թվականից գործում է «Գև Արթ» ՍՊ ընկերությունը, որի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է Գայանե Հարոյանին, ում հաշվառման հասցեն նույնն է ինչ Սուրեն Ղազարյանի հաշվառման հասցեն։ Նա 2016 թվականից նաև այս ընկերության տնօրենն է։ Մինչ այս ընկերության տնօրենը եղել է Կորյուն Ղազարյանը, ում հաշվառման հասցեն նույնպես նույնական է Սուրեն Կորյունի Ղազարյանի հաշվառման հասցեի հետ։ Կարելի է ենթադրել, որ Գայանե Հարոյանն ու Կորյուն Ղազարյանը մաքսատն պետի ծնողներն են:
Հարկ վճարողների համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերության գործունեությունը ներկայումս ժամանակավորապես դադարեցված է։ Տեղեկանում ենք նաև, որ այն զբաղվել է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնելու և այլ գործառնությունների իրականացմամբ։
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net