23 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորն իրեն մեղավոր չի համարում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  նախագահ Աղվան Պետրոսյանի (լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես), դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի կողմից խոշոր չափով կաշառք վերցնելու գործով դատավարությունը:

Այսօր պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն արեց  դատարանին՝ ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ․ «Վանիկ Վարդանյանի քարտային հաշիվների վրա արգելանք էր դրվել և նա չի կարողանում ստանալ կենսաթոշակը»,-ասաց պաշտպանը և նշեց, որ գույքի արգելանքի տակ վերցնելը չեն բխում վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից։

Պաշտպանի խոսքով, քննիչը պարտավոր էր եղել նշել, թե  գույքի որ մասի վրա պետք է կալանք դնել, այնինչ չի նշվել և կալանք է դրվել  ամբողջի գույքի վրա: Նաև այլ ընթացակարգային խախտումներ են կատարվել՝ գույքը կալանքի տակ առնելու գործընթացում։ Պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական:

Մեղադրող Դավիթ Կարապետյանն ասաց, որ կենսաթոշակը ստանալու մասով միջնորդության հետ կապված առարկություն չունի, սակայն ամողջ գույքի վրա դրված կալանքիը դեռևս պետք է պահպանվի, քանի որ դատական ծախսերն ապահովելու հետ կապված խնդիրներ կարող են առաջ գալ։

Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝  կալանքից կազատվեն կենսաթոշակային գումարները։ 

Պաշտպան Ռուբեն Հակոբյանը  միջնորդեց նաև վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կալանաքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը: Նա ասաց, որ ամբաստանյալ Վանիկին Քրեակատարողական հիմնարկում պահել են ապօրինաբար սկված՝ 2015 թվականից մինչև 2017 թվականի հոկտեմբերը և դա բացատևեց նրանով, որ որոշում կայացնող դատարանն ինքնաբացարկ էր հայտարարել:

Ամբաստանյալ Սևակ Շհոյանի, և ամբաստնայլ Աղվան Պետրոսյանի պաշտպանները միացան պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջորդությանը և ասացին, որ իրենց պաշտպանյալներն անօրինական են պահվել կալանքի տակ:

Այդ պահին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Դատախազն իր հետ չէր վերցրել լիազորագիրը: Դա պարզ դարձավ այն պահին, երբ պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդեց, որ դատախազը դատարանին ներկայացնի լիազորագիրը՝ մեղադրական ճառը հնչեցնելուց առաջ: Քանի որ այդ փաստաթուղթը դատախազն իր հետ չուներ, դրա համար դատախազը դատարանին խնդրեց, որ լիազորագիրը ներկայացնի հաջորդ դատական նիստին, սակայն պաշտպաններն ըմբոստացան և պահանջեցին այդ պահին ներկայացնել:

Այդ առթիվ դատարանն ընդմիջում հայտարարեց 10 րոպե տևողությամբ, որից հետո դատախազ Դավիթ Կարապետյանը ներկայացրեց լիազորագիրը:

Այնուհետև մեղադրողը ներկայացրեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։

Այսպիսով, դատախազն ասաց, որ Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, որպես դատավոր իր վարույթում գտնվող ԳԴ/0016/01/15 քրեական գործով ամբաստանյալների օգտին դատական ակտ ընդունելու համար (նրանցից մեկի հանդեպ մեղմ պատիժ նշանակելու, մյուսին պատասխանատվությունից ազատելու)  իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  23 000 դոլար կաշառք։ 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ իր աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 120.000 ռուբլի կաշառք։

Երբ մեղադրողն ավարտեց կարդալ Աղվան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալ Աղվան Պետրոսյանն ասաց, որ իրեն առայժմ անհասկանալի է առաջդրված մեղադրանքը և, գուցե, դա ավելի պարզ դառնա հետագա դատական նիստերի ժամանակ: Նա շրջվեց դեպի դատախազն ու ասաց. «Ոչ մի բան էլ ինձ հայտնի չէ: Իրավական ոչ մի ձևակերպում չկար ձեր հնչեցրած ճառում: Միայն ենթադրություններ են, և վերջ»:

Այնուհետև մեղադրողը կարդաց Վանի Վարդանյանին ներկայացված մեղադրանքի բովանդակությունը։ Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ դատարանի նախագահի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Ամբաստանյալ Վանիկ Վարդանյանը ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում․ «Մեղադրանքն ինձ համար պարզ չէր: Ես գիտեմ, որ իրականում մեղադրանքը պետք է բխի գործով ձեռք բերված ապացույցներից: Եթե մեղադրական հատվածն իմ մասով լսենք, ապա կհասկանանք, որ դա սարսափելի բան է: Մի տեղ գրվում է, որ գումար է վերցվել աշխատասենյակում, իսկ մյուս տեղում գրվում է, որ գումարը վերցվել է գաղտնի և վերջապես, ո՞ր պահին է եղել իմ ու Աղվան Պետրոսյանի պայմանավորվածությունը: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-ասաց ամբաստանյալը:

Մեղադրողը հնչեցրեց ամբաստանյալ Սևակ Շհոյանի մեղադրկան եզրակացությունը: Մասնավորապես ասաց,որ Սևակ Շհոյանին մեղադրանք է այն բանի համար, որ նա  2012թ. մարտի 21-ից աշխատելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնում, մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից անձամբ ստացել է 4000 դոլար կաշառք։ Մեղադրյալի ծնողները կաշառք տալուց հետո պահանջել են իրենց որդուն կալանքից ազատել, ինչը չի արվել։ Ծնողները պահանջել են վերադարձնել գումարը, սակայն չի վերադարձրել։

Ամբաստանյալ Սևակ Շհոյանն ասաց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում և ասաց, որ իր համար պարզ չէ մեղադրանքի բովանդակությունը, քանի որ այն կազմվել է ենթադրությունների և բամբասանքների հիման վրա: Նա շրջվեց դեպի դատախազն ու ասաց. «Հորդորում եմ հրաժարվել մեղադրանքից և արժանանալ փառքի»:

Այսպիսով, օրվա աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց։

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել