Դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով այսօր շարունակվեց դատավարությունը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործով նախորդ դատական նիստին դատարանը սանկցիա էր կիրառել ամբաստանյալի երեք պաշտպանների հանդեպ՝ նիստին անհարգելի կերպով բացակայելու համար, և դիմել էր Փաստաբանների պալատ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով:
Այսօրվա դատական նիստին մինչ վկաների հարցաքննությանն անցնելը, պաշտպանները հայտարարություններ արեցին՝ ըստ էության, վիճարկելով նախագահող դատավոր Վաչե Մարգարյանի գործողությունների իրավաչափությունն ու նրան մեղադրելով ոչ օբյեկտիվ լինելու և փաստաբանների հանդեպ անհարագելից վերաբերմունք ունենալու մեջ:
Փաստաբան Լիանա Գրիգորյանը նույնիսկ «զավեշտ» որակեց դատարանի որոշումը: Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ նախապես համաձայնեցված է եղել այս գործով նիստ նշանակել մայիսի 25-ին՝ հաշվի առնելով իր առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը, սակայն դատարանը առանց որևէ մի պաշտպանի հետ համաձայնեցնելու նիստ է նշանակել մայիսի 20-ին, ինչը նշանակում է անհարագելի վերաբերվել պաշտպանական կողմի հանդեպ:
Փաստաբան, նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանն էլ իր հայտարարության մեջ նախագահող դատավորին հայտնեց, թե իր սեղանին սպեցիֆիկ գործ է դրված, քանի որ այն հասարակական ուշադրության կենտրոնում է, ամբաստանյալը դատավոր է, ում լիազորությունները չեն դադարեցվել, և որ այս հանգամանքները պետք է դատավորին մտահոգեն ու նույնիսկ վախեցնեն:
Նշենք, որ այս հայտարարությունների ընթացքում մի քանի անգամ բուռն բանավեճ սկսվեց դատավորի և պաշտապնների միջև: Նախագահող դատավորը նշում էր, որ իր գործողությունը կարող են վիճարկել օրենքով սահմանված կարգով:
Մանրամասները՝ տեսանյութում