Նորը պետք է արժևորենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրով. Տեր Խորեն

Սուրբ Ծննդի տոնը պետք է արժևորեն ոչ թե Ամանորի տոնով ու սեղանների պարունակությամբ, այլ հենց տոնի խորհրդով, Քրիստոսի ծնունդը որպես նորի սկիզբ ընդունելով. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Դավիթաշեն վարչական եկեղեցում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը:

Տեր Խորենն արդեն 25 տարի է՝ ինչ հոգևոր ծառայության մեջ է, և նրա համար տարեցարի նկատելի է դառնում  մարդկանց ընկալման փոփոխությունը եկեղեցու նկատմամբ:

Մանրամասները՝ «Եկեղեցին և իրավունքը» խորագրով հատուկ նախագծի հերթական հարցազրույցում:

-Տեր Խորեն, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է հասարակությունը առաջնահերթությունը տալիս Ամանորին, և ոչ Սուրբ ծնունդին: Եկեղեցի՞ն է թերանում:

-Աստվածաշնչում՝ Հին կտակարանի մեջ մենք տեսնում ենք, որ Աստված Մովսեսի միջոցով հրեաներին պատվիրեց, որ տարվա առաջին օրը և ամեն ամսվա առաջին օրը նշելու և ոգեկոչելու առիթ է, և մարդիկ սա նշանավորելով, ոգեկոչելով, տոնախմբելով իրենց շնորհակալությունը հայտնելու առիթ էին ունենում: Առիթ էր դառնում փառաբանելու Աստծուն:

Հիմա այս նույն խորհուրդը պետք է արժևորենք, եթե Ամանոր է, տարվա առաջին օրն է, պետք է երախտագիտություն հայտնել, փառք տալ Աստծուն այն ամենի համար, ինչ մեզ պարգևել է:

Երբ ասում ենք «Ամանոր», հասկանում ենք նորը, իսկ այդ նորը պետք է արժևորենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրով: Եթե մենք նոր կյանք ենք ուզում, կարևորում ու արժևորում ենք դա,  հնարավորություն ենք ունենում հրաժարվել մեր սխալ վճիռներից, վատ սովորություններից, ձերբազատվել այդ ամենից։ Իսկ մենք ասում ենք, որ մարդ նորի մեջ կարող է հաստատվել Աստծո աջակցությամբ:

Սրանով մենք փորձում ենք այնպես անել, որ մարդիկ արժևորեն այդ օրը:

Այո, խնդիրը կա, սովետական 70 տարիներն ունեցել են իրենց ներգործությունը: Ժողովուրդն ավելի շատ ավանդույթի ուժով ուրախություններն ու լավ զգացողությունները կապում է Ամանորի հետ: Մենք ուզում ենք ամեն ինչը բերենք, հասցնենք նրան, որ այդ ամենը սկսվի Սուրբ ծննդյան տոնից: Մենք մեր մեջ ունենանք բարի գործերի նախանձախնդրությունը, ջերմեռանդությամբ ապրենք, Աստծո առաջ մեր ծառայության նկատմամբ նախանձախնդիր լինենք, կարողանանք Աստծո պատվիրաններով ապրել:  Սա է խնդիրը, որ դեռ ժողովրդի մեջ այս ամենն ամուր կերպով հաստատված չէ:

-Իսկ ի՞նչ է անում եկեղեցին դա հաստատելու համար:

-Մեր առաջնային խնդիրն ինչու՞մն է՝ քարոզչական գործունեությունը,  հիմա Արարատյան հայրապետական թեմը  qahana.am կայքն ունի, եկեղեցիներում տարբեր օրերին դասընթացներ են տեղի ունենում, գործում են երիտասարդաց միությունները: Ցանկացած նման առիթ, շփումը լրատվամիջոցների հետ մենք որպես առիթ ենք օգտագործում, ուղղակի ժամանակ է պետք, որ այս ամեն ինչը փոխվի:

-Կաթոլիկները նախ տոնում են Սուրբ ծնունդը, այնուհետև Ամանորը, շնորհավորելիս նույն հերթականությումաբ են ասում, հնարավո՞ր է՝ սա օրացուցային դասավորության խնդիր է նաև:

-Մինչև 4-րդ դար, կաթոլիկ եկեղեցին էլ մեր՝ առաքելական եկեղեցու հետ է նշել Սուրբ ծունդը՝ հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած նրանք Սուրբ ծնունդը տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին, ինչի մեջ տրամաբանություն կա, որովհետև այդ օրը հեթանոսության մեջ տարածված Արև աստծո ծննդյան օրն էր, և ժողովրդի միջից պետք է դուրս գային այդ հեթանոսական ապրումները: Եվ քանի որ մենք Քրիստոսին բնորոշում ենք որպես արդարության արեգակ, սա շատ հարմար էր դա իրագործելու համար: Իսկ մեզ մոտ այդ օրը՝ հունվարի 6-ը մնաց անփոփոխ: Դրա համար էլ նրանք նախ Սուրբ ծնունդն են շորհավորում, այնուհետև Ամանորը:

-Ինչպե՞ս է տոնը նշվում եկեղեցում:

-Սուրբ ծնունդը սկսում ենք հունվարի 5-ից՝ Ճրագալույցի պատարագով:

Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Դա մարդկանց համար հնարավորություն է լինում աստվածհայտնության լույսն ու եկեղեցու օրհնությունն իրենց հետ տուն տանելու, իրենց օջախ հասցնելու: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որը որպես առաջնորդ, որպես ուղեցույց է եղել մոգերին՝ մանուկ Հիսուսին հասնելու համար: Իսկ հունվարի 6-ին արդեն մկրտության խորհրդով է պատարագ մատուցվում: Պատարագի ավարտին ջրօրհնեքի արարողություն է լինում, այդ օրը մարդկանց մեռոնաջուր է բաժանվում: Հունվարի 7-ին մատուցվում է մեռելոց պատարագը՝ ի հիշատակում մեր ննջեցյալների: Հունվարի 6-ին նաև կատարվում է Տնօրհնեքի արարողությունը, որը տևում է մինչև ամսի 13-ը, բայց քանի որ հոգևորականները քիչ են, Տնօրհնեքի արարողությունը շարունակվում է նաև մյուս օրերին:

-Ի­­՞նչ պետք է լինի Սուրբ ծննդյան սեղանին և ինչպե՞ս է պետք դուրս գալ պահոց շրջանից:

-Սուրբ ծննդի սեղանին հիմնականում դրվում է չամիչով փլավ։ Համարում ենք, որ բրնձի հատիկները մարդիկ են, իսկ չամիչները՝ քրիստոնյաները. սա բացատրվում է Քրիստոսի խոսքով, որում ասվում է՝ բոլորը կանչվեցին, բայց քչերը եկան։ Սեղանին դրվում է նաև ձուկ, որը հենց քրիստոնեության խորհրդանիշն է:

Տոնին նախապատրաստվում են դեռ դեկտեմբերի 29-ից՝ Սուրբ ծննդյան պահքով: Դեկտեմբերի 30-ին սկսվում է շաբաթապահքը, որը ներառում է նաև Ամանորի տոնը, իսկ պահքից դուրս ենք գալիս արդեն հունվարի 5-ի երեկոյան, երբ Ճրագալույցի պատարագն է լինում՝ նավակատիքը: Այդ օրը պահքը մեղմում ենք կաթնեղենով, ձկնեղենով, բայց մսի արգելքը լինում է մինչև հունվարի 6-ը, իսկ պատարագից հետո արդեն կարելի է օգտագործել նաև միսը և կենդանական ծագման այլ ուտեստները:

-Նման օրերին մարդկանց հոսքը դեպի եկեղեցի ավելացե՞լ է:

-Իհարկե: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մարդկանց բազմություն է հավաքվում, հատկապես երիտասարդները, մարդիկ կամաց-կամաց սովորում ու վարժվում են:

-Դա մոդայի՞կ բնույթ է կրում իր մեջ, թե մարդիկ գիտակցված են գալիս:

-Սա շատ կարևոր հարց է. նախ Աստված է քննում մարդու միտքը, սիրտը։ Միգուցե լինեն մարդիկ, որ չեն արժևորում օրը։  Բայց սա սկիզբն է, մենք պետք է ոգևորվենք նրանց այցով, ամեն ինչ աստիճանաբար է լինում: Պետք է մեղմ վերաբերվենք, հասկանանք, որ պետք է սովորեն:

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու՝ Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Դատաստանագրքերի բացառիկ հետաքրքիր դրվագները. զրույց Շահե ծայրագույն վարդապետ

Անանյանի հետ Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ամուսնությունը դրախտի խորհուրդ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Քրեակատարողական հիմնարկներում մեծ ներդրում է անհրաժեշտ դատապարտյալների վերափոխման ծրագիր իրականացնելու համար. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել