Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` փետրվարի 5-ին, շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ նախորդ նիստին պարզ դարձավ, որ դատախազը աշխատանքից հեռացվել է:
Հերթական նիստի ժամանակ նոր նշանակված դատախազ Արթուր Սմբատյանը նշեց, որ ինքը դեռ չի ծանոթացել գործի նյութերին: Ուստի նա խնդրեց իրեն տրամադրել 10 օր ժամանակ:
Պաշտպանության կողմը միջնորդությանը դեմ չարտահայտվեց և դատավոր Տաթևիկ Գրիրգորյանը հետաձգեց նիստը՝ այն նշանակելով փետրվարի 24–ին:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ռոզա Վարդանյան