Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործի քննությունը:
Նիստի սկզբում ամբաստանյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատարանին ասաց, որ իրենք չեն ստացել դատաքննության վերաբերյալ որոշ սկավառակներ, ինչպես նաև հեռախոսային վերծանումների սկավառակները:
Դատավոր Դավիթ Բալայանը ի պատասխան հայտնեց, որ դատարանում դրանք դեռևս չեն ուսումնասիրվել, երբ ուսումնասիրվեն այդ ժամանակ էլ կտրամադրվեն:
Դրանից հետո դատարանը ակսեց ուսումնասիրել Դավիթ Թամրազյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքի տեսագրությունը:
Նախաքննության ժամանակ ամբաստանյալն ընդունել է իր մեղքը՝ նշելով, որ Մարիամ Հունանյանին հենց ինքն է սպանել: «Ես իրան ասեցի, որ անկնալ ունեմ աչքերդ փակի: Ինքը փակեց աչքերը, ես հանեցի իմ մոտի խոհանոցային դանակը և կտրեցի նրա կոկորդը: Հետո, դանակը դնելով գրպանս, գնացի խոհանոց: Լվացվեցի, ձեռքերս այնտեղի սրբիչով սրբելուց հետո վերցրի այլ սրբիչ ու սրբեցի դռան վրայի մատնահետքերը»:
Տեխնիկական խնդիրների պատճառով մյուս ապացույցները հետազոտել չհաջողվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 26-ին: