Նախկին ընկերուհու դաժան սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանն այսօր դատարանում պնդեց, որ ինքը սպանության հետ որևէ առնչություն չունի:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թվականի մայիսի 7-ին Դավիթ Թամրազյանը բնակարանում կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը, նա այս քայլին գնացել է, քանի որ անձնապես վիրավորված է եղել տվյալ անձի հետ:
Երկու տարուց ավելի քննվող այս գործի շրջանակներում այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալը, նա նշեց, որ համամիտ չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Դավիթը փոխանցեց, որ Մարիամի հետ ընկերություն է արել տևական ժամանակ, սակայն հանգամանքների բերումով, ինչպես նաև տեսնելով, որ Մարիամը մտերմություն է անում այլ անձի հետ, դադարեցրել է շփումը. «Մի անգամ տեսել եմ, թե ինչպես նա և իր ընկերը՝ Մոսոն, հյուրանոցային համար են վերցրել, ես դրանից հետո իր հետ կապերը խզել եմ»,- ասաց ամբաստանյալը:
Կապերը խզելով՝ Դավիթը սկսել է հարաբերություններ հաստատել իր գործընկերուհիներից Միլենա Միրիջանյանի հետ, ով սույն գործով առանցքային վկաներից է: Չնայած նրան, որ սկսել է Միլենայի հետ ընկերություն անել, ըստ Դավիթի, Մարիամը կրկին փորձել է վերականգնել հարաբերությունները. «Ինքը ուզում էր ինձ հետ ընկերություն անել, ես իրան ասում էի` գնա քո ընկերոջ հետ ընկերություն արա, ես դիստանցիա էի պահում, բայց չէի ուզում կոպտել նրան, քանի որ ինքը ինձ գործի էր տեղավորել, ես փորձում էի լավության տակից դուրս գալ»,- պատասխանելով փաստաբանի հարցերին ասաց Թամրազյանը՝ հավելելով, որ Մարիամի քայլերի մասին հետագայում իմացել է Միլենան, արդյունքում երկու աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. «2013թ. ապրիլի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել իրանց միջև,- պատմեց Դավիթը,- Էտ օրը Մարիամը ինձ զանգեց, Միլենան տեսավ, ասաց` ո՞վ է զանգում, ասացի` Մարիամը, ասաց, դե բեր ծանոթանանք-խոսենք: Այդ օրը հանդիպեցինք, ես Միլենային Մարիամին ներկայացրի որպես իմ կին, քանի որ Միլենան, ինչպես միշտ, խմած էր, կռիվ սկսվեց, Միլենան Մարիամին ասաց` չես հասկանում, որ իմ ընկերոջը չպիտի զանգես, ասաց` հասկանում եմ, ասաց՝ լավ չես հասկանում ու անձեռոցիկը շպրտեց նրա վրա: Ռեստորանում էինք, ինչքան ապակի կար ջարդեցին, Միլենան շշով հարվածեց Մարիամի գլխին, սինի շպրտեցին իրար վրա: Զուտ Միլենայի խանդից»:
2013 թվականի մայիսի 7-ինշ Մարիամին գտել են սպանված: Ամբաստանյալը դատարանում պատմեց, որ առավոտյան Դավիթը զանգել է Միլենային և հանդիպման վերաբերյալ պայմանավորվել, միաժամանակ երիտասարդին է զանգահարել նաև Մարիամը. «Մարիամը ինձ զանգեց ասաց` արի իրար հետ հանդիպենք, լուրջ բան կա անելու, ես էլ ասեցի, եթե ախպեր ու ընկեր ունի, չի ուզում իրանց հետ խոսա, իսկ ինձ ասելու բան ունի, ուրեմն պետք է գնալ ու հանդիպել: Պայմանավորվեցինք, որ հանդիպենք, բայց ճանապարհի կեսից ինձ զանգեց ու ասաց, որ չի կարող հանդիպել, այդպես այդ օրը ես իրան չեմ տեսել»,- նշեց Դավիթը՝ հավելելով, որ նա հանդիպել է Միլենայի հետ:
Նրա փաստաբանը՝ Կորմվել Գրիգորյանն ասաց, որ Միլենան դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ Դավիթն իրեն ցույց է տվել տարբեր լուսանկարներ` Մարիամին սպանված վիճակում, այնուհետև ջնջել լուսանկարները: Ամբաստանյալն այս ամենը հերքեց` պնդելով, թե սուտ է:
Բացի այդ Դավիթն ասաց. «Առիթներից մեկի ժամանակ Միլենան ինձ պատմել է, թե քաղմասի պետը՝ Պողոսյան Արտակը իրեն խոստացել է 5000 դոլար փող տալ, եթե ճիշտն ասի, թե ով է սպանել Մարիամին»:
Այնուհետև ամբաստանյալը վստահեցրեց, որ ողջ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից իր նկատմամբ ճնշումներ ու բռնություններ են կիրառվել. «2013թ. մայիսի 9-ին ինձ դաժան ծեծել են մի քանի ոստիկաններով, երկուսը ոտքերիցս են բռնել, երեքը ծեծել, ընդ որում` նրանցից մեկը էլեկտրահարել է ինձ»,- նշեց ամբաստանյալը, հարցին` ինչո՞ւ չի բողոքել, պատասխանեց. «Իրանք ինձ ծեծում էին, որպեսզի հասկանան, որ ես եմ սպանել, թե՝ ոչ, տենց իրանք հասկացան, որ ես չեմ, դրա համար էլ չբողոքեցի»:
Ամբաստանյալի խոսքերով՝ հետագայում իրեն նույնպես ծեծել են, իսկ խոստովանական ցուցմունքը կորզել են ընտանիքի հանդեպ սպառնալիքների արդյունքում. «Ինձ ասացին՝ քո քույրն ու մայրը կողքի սենյակում են, նենց կծեծենք, որ ձայները կլսես: Ես ստիպված եմ գրել ամեն ինչ»,- նշեց երիտասարդը՝ հավելելով, որ դեպքի վայրում իրեն ուղորդել են. «Երբ պետք էր հանցագործության զենքը՝ դանակը ճանաչել, քննիչն ասաց` սեղանի վրա չորս հատ դանակ կա դրված, էն բացիչով դանակը, որ կա, ձեռքդ կդնես վրան ու կասես` էս դանակով եմ սպանել, քննիչը՝ Մարգարյանը ինչ ասել է, արել եմ, մտել եմ սենյակ, ձեռքս դրել դանակին ու ասել, որ սրանով եմ սպանություն կատարել»:
Դավիթը նախաքննության ընթացքում հրաժարվել է փաստաբանի ծառությունից, դատարանում նա պարզաբանեց, որ սա նույնպես քննիչների թելադրանքով էր:
Դավիթ Թամրազյանի փաստաբանը՝ Կրոմվել Գրիգորյանը փոխանցեց, որ ամբաստանյալի ցուցմունքը համակցում է սպանության օրը նրան տեղափոխող տաքսի ծառայության վարորդի ցուցմունքի հետ: Անդրադառնալով բռնության մասին ամբաստանյալի պնդումներին՝ փաստաբանը նշեց. «Սկզբում ճնշումներին ինքը դիմացել է, բայց քանի որ իր աչքի առջև Մարիամ Հունանյանի մորաքրոջն են ծեծել, վերջինս ուշագնաց է եղել, իրեն՝ Դավիթին զգուշացրել են, որ նույնը կարող է իր մոր ու քրոջ հետ կրկնվել, ասել են՝ կողքի սենյակում են հարազատները, նենց կծեծեն, որ նրանց ձայնը կլի, Դավիթն աչքի առջև ունենալով Մարիամի մորաքրոջ հետ կատարվածը, համաձայնվել է ամեն ինչ գրել»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ երբ Դավիթին ձերբակալել են ու տեղափոխել ձերբակալվածների պահման վայր, նրա մարմնի վրա էլեկտրահարությունից հետո կարմիր հետքեր են եղել. «Դրա կապակցությամբ քննիչը նշանակել է փորձաքննություն, ինչն է հետաքրքիր՝ էտ կարմիր հետքերի հետ կապված քննիչը թելադրել է, թե գրի, որ ալերգիկ ես, քորելուց այդ ալերգիան առաջացել է, իսկ երբ որ գնում են փորձագետի մոտ, նույն այդ ծեծողն է տանում ու փորձագետի մոտ թելադրում է, որ գրի նեռվայն ես ու իրանց տանը կատարված քննչական գործողության ժամանակ քորել է իրեն, սակայն դատաբժիշկը տվել է, որ դա հարվածի արդյունք է»,- նշեց նա:
Փաստաբանը փոխանցեց, որ ամբաստանյալը ստիպված լռել է՝ մտածելով, որ կարող են իր հարազատներին վնաս տալ, սակայն որոշել է մեկուսարանում բարձրաձայնել իր դեմ կատարվածի մասին. «Իրոք, հասել է մեկուսարանում ու դիմում է գրել, որ էն ինչ-որ ես գրել եմ ինքնախոստովանական ցուցմունքում դրանք բռնությունների արդյունք են»,- նշեց մեր զրուցակիցը:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net