Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պաշտպանը զայրացած լքեց դատական նիստերի դահլիճը

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը, նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Դատական նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով, քանի որ քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ամբաստանյալը 15 րոպե կուշանա` խնդիրներ առաջանալու պատճառով:

Այսօրվա նիստին պաշտպան Կրոմվել Գրիգորյանը շարունակեց իր հարցերն ուղղել վկա Միլենա Միրիջանյանին, վկան հիմնականում պատասխանում էր, որ ոչինչ չի հիշում, մյուս հարցերը դատավոր Գրիգորյանը հանում էր՝ նշելով, որ վկան նախորդ նիստին արդեն պատասխանել է: Պաշտպան Գրիգորյանը առարկում էր դատավորի գործողությունների դեմ` անօրինական համարելով դրանք:

Նիստի ժամանակ վատացավ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի ինքնազգացողությունը, կանչեցին շտապօգնություն: Այնուհետև ամբաստանյալը խնդրեց տեղափոխել նիստը. «ականջներս սարսափելի ցավում ա, չեմ լսում, ուղեղս չի աշխատում»,- ասաց նա, փաստաբանը հանդես եկավ համապատասխան միջնորդությամբ, սակայն մեղադրող կողմը առարկեց, իսկ Տաթևիկ Գրիգորյանը ասաց, որ ոչ մի հայտարարություն չունի շտապօգնության աշխատակիցների կողմից, ուստի հիմքեր չկան միջնորդությունը բավարարելու: Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը առարկեց դատավորի գործողությունների դեմ և ինքնաբացարկ հայտարարեց դատավորին, որից հետո լքեց նիստերի դահլիճը:

Դատավորը հեռացավ պաշտպանի գործողությունների դեմ որոշում կայացնելու, վերադառնալով որոշեց դատական սանկցիա կիրառել Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ և նրան պատասխանատվության ենթարկել դատական կարգ ու կանոնը խախտելու համար:

Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի բացակայության պատճառով և նշանակվեց հուլիսի 3-ին:

Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել