Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Դավիթը ծոցագրպանից ցույց տվեց դանակը և արյան հոտը ես իրա վրայից զգում էի». մատուցողուհու սպանության գործը

«Դեպքի ժամանակ Դավիթը ինձ զանգահարեց ասաց, որ պետք է գնամ իր ետևից, գնացի, մենք միասին գնացինք սրճարան, նստեցինք այնտեղ, ինքը ինձ դեպքը պատմեց ու մի քանի մանրամասներ, որ Մարիամ Հունանյանին սպանել է, դանակով, ցույց տվեց հեռախոսի մեջ ֆոտոն, հետո ջնջեց անմիջապես, դրանից հետո էլ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որ պետք է ոստիկանությանը չհայտնեմ»,- նման ցուցմունք տվեց այսօր՝ հունիսի 19-ին մատուցողուհու սպանության գործով վկա Միլենա Միրիջանյանը:

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Վկան հիշեց հետևյալ դրվագը. «Դավիթը ծոցագրպանից ցույց տվեց դանակը և արյան հոտը ես իրա վրայից զգում էի»:

Սակայն այս ամենից հետո վկան՝ իր խոսքերով, քաղաքացիական պարտքը տալու համար, գնաց ոստիկանության բաժանմունք և ցուցմունք տվեց: Դատարանում նա խոստովանեց, որ սկզբում սուտ ցուցմունք է տվել՝ ասելով, որ դեպքի մասին ոչինչ չգիտի, այնուհետև փոշմանել է:

«Եթե հանցագործությունն արվել է, նա պետք է պատասխան տա, եթե լիներ իմ հարազատ քույրը, պետք է պատասխան տար»,- ասաց վկան, ընդ որում՝ հարցաքննության ժամանակ պարզվեց, որ հանցագործության մասին իմանալով, հաջորդ օրերին հանդիպել է ամբաստանյալի ծնողների հետ՝ պատճառն իր և Դավիթի մտերմիկ հարաբերություններն են: Այսօր տուժողին հարցաքննում էր ամբաստանյալի իրավունքների պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վկան պատմեց, որ Դավիթի հետ հարաբերություններն այն աստիճանի էին, որ անգամ ամուսնության մտադրություն կար: Տուժողի՝ հանգուցյալ Մարիամ Հունանյանի հետ միայն երեք օր աշխատել է նույն սրճարանում, սակայն հերթափոխների պատճառով չի շփվել նրա հետ: Փաստաբանն արձանագրեց այն հանգամանքը, որ վկան հիշում էր, թե քանի օր է աշխատել Մարիամը, սակայն երբ հարց հնչեց իր աշխատանքի տևողության մասին, դժվարացավ կոնկրետ ժամանակահատված նշել:

Վկան նաև պատմեց, որ Մարիամին հանդիպել է նաև մի հացատանը, այդ օրը նա միայնակ է եղել, երբ իրեն մոտեցել են Մարիամն ու ամբաստանյալը. «Դավիթն ինձ ներկայացրեց որպես իր կին, հետո վիճաբանություն եղավ իմ և Մարիամի միջև, սկզբում նա ինձ վիրավորեց, կարծում եմ՝ խանդի հողի վրա, հետո էլ ես իրան անպատվեցի, ու ծեծկռտուք սկսվեց»,- ասաց Միլենա:

Խոսելով Դավիթի մասին՝ փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբաստանյալը վկային պատմել է, որ ինքը որևէ կրոնական կազմակերպությանն է հարում, Միլենա Միրինջանյանը պատասխանեց. «Դեպքեր է պատմել, որ ինքը մասնակցում է ինչ-որ խմբավորման, որոնք դեմ են քրիստոնեությանը, սատանայապաշտներ են նրանք»,- պատմեց վկան:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել