Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես ապշել էի, որ այդ դատավճիռը լսեցի»․ հրապարակվեց նախկին ընկերուհու սպանության գործով դատական ակտը

Նախկին ընկերուհու, մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատապարտվեց 13 տարի ազատազրկման։

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հրապարակեց սույն գործով դատավճիռը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանն, անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է:

Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Տաթևիկ Գրիգորյան, դատավոր

Մեղադրող դատախազը միջնորդել էր 14 տարի ազատազրկման դատապարտել Դավիթին, իսկ պաշտպանը՝ արդարացնել։

«Ապօրինի դատավճիռ է կայացվել, սպասում եմ՝ դատավճիռը ստանամ ու հասկանամ դրա էությունը։ Ես գրավոր ներկայացրել եմ 121 էջանոց պաշտպանական ճառ  ու զարմացած եմ։ Ես մեկ տոկոս չէի կասկածում, որ այսօր Դավիթ Թամրազյանն արդարացվելու է, ես ապշել էի, որ այդ դատավճիռը լսեցի»,- մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալի իրավունքների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ գործի նյութերում առկա հեռախոսային վերծանումներն ապացուցում են, որ դեպքի օրը տուժողը վերոնշյալ բնակարանում չի գտնվել․ «Եթե տուժողը տանը չի եղել, ինչպե՞ս են Դավիթին մտցնում տուն, թե իբր նա է սպանել Մարիամին, երբ տուժողը մտել է տուն, Դավիթն արդեն Միլենայի (գործով անցնող վկայի) հետ բարում է եղել»,- ասաց փաստաբանը։

Կրոմվել Գրիգորյան, փաստաբան

Նա մեջբերեց ինքնախոստովանական ցուցմունքից հատվածներ՝ պնդելով, որ ինչպես այս փաստաթղթում, այնպես էլ գործի մյուս նյութերում առկա են բազմաթիվ հակասություններ․ «Նույն ինքնախոստովանական ցուցմունքում գրված է, որ «ես պադիեզդում սպասում էի, տուժողը եկավ, ձեռքս գցեցի ուսին, բարձրացա վերև ու սպանեցի», երբ գալիս է հարցերի փուլը, քննիչը հետաքրքրվում է, թե ինչպես Դավիթն իմացավ, որ տուժողը տանն է, պատասխանում է, որ զանգել է, տեղեկացել ու գնաացել սպանել է։ Նույն ցուցմունքում երկու կոպիտ հակասություն, չի կարելի նման բան անել»։

Կրոմվել Գրիգորյանը վստահեցրեց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատավճիռը։

Դավիթ Թամրազյան

Գ․Թ․

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել