Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանի ինքնախոստովանական ցուցմունքում՝ ամբաստանյալի ձեռքով գրված հանգամանքները համադրելով քրեական գործի ապացույցների հետ, այլ անձանց ցուցմունքների հետ, ոչինչ իրականությանը չի համապատասխանում: Համոզված է ամբաստանյալի իրավունքների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս :
Նա պնդում է, որ ոստիկանները Դավիթին բռնության և ճնշումների ենթարկելու եղանակով ստիպել են գրել ինքնախոստովանական ցուցմունքը: Կրոմվել Գրիգորյանն ասում է. «Երբ ինքնախոստովանական ցուցմունքը վերցնում են ու համապատասխան քննչական գործողություններ, փորձառություն են կատարում, Դավիթին ուղարկում են ձերբակալվածների պահման վայր, այնտեղից իրազեկում է ստացվում, որ կրծքավանդակի հատվածում կան կարմիր հետքեր, իսկ Դավիթ Թամրազյանն իր ցուցմունքով հայտնեց, որ իրեն էլեկտրաշոկով էլեկտրահարել են, որ իրենց ուզածը կատարի: Հետաքրքիրն այն է, որ հաջորդ օրը այդ իրազեկման հետ կապված քննիչը նրան հարցաքննում է, քննիչի հարցին պատասխանում է, որ արելգիկ է ու քորելով այդ հետքերն առաջացել են, բայց երբ որ գնում են փորձագետի մոտ, այնտեղ օպերը, ով Դավիթի նկատմամբ բռնություն է կիրառել այդ ցուցմունքը տեսնելով, հուշել է, որ քորել այդ հետքը չի առաջանա, դա բութ հատվածի տեղ է, և այնտեղ Դավիթը ցուցմունքը փոխում է, նա հայտնում է, որ քանի որ խուզարկության օրը իրենց տանը նյարդայնացած էր, իրեն վնասվածքներ է պատճառել»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ խուզարկության արձանագրության մեջ որևէ դիտողություն չկա, որ Դավիթ Թամրազյանը փորձել է գործընթացին խոչընդոտել կամ իրեն վնասել:
Փաստաբանը նաև ասում է՝ Դավիթ Թամրազյանին ստիպել են ցուցմունքում նշել, որ սպանության օրը տուն մտնելիս բաճկոնը նետել է աղբարկղի մեջ, քանի որ այն արյունոտված էր. «Այդ կապակցությամբ Դավիթի դեմ ցուցմունք տվող վկային, նույն քննիչը հարց է տալիս, հետաքրքրվում, թե բարում, որտեղ միասին են եղել, Դավիթ Թամրազյանի հագուստի կամ մարմնի վրա արյուն տեսել է, պատասխանում է, որ ոչ: Եթե անձը, որը մեղադրանքի ցուցմունք է տալիս, ինչո՞ւ են Դավիթին ստիպում գրել, որ արյուն է եղել»,- մեզ փոխանցեց Կրոմվել Գրիգորյանը:
Նշենք նաև, որ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար այս գործով հերթական նիստը, հարցաքննության էին հրավիրված վկաներ, սակայն նիստը հետաձգվեց՝ մեղադրողի բացակայության պատճառով:
Գ.Թ.
Իրավաբան.net