Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը փորձագետներին ասել էր, թե գիտի՝ ով է սպանել նախկին ընկերուհուն

Կան հանգամանքներ, որոնք համադրելով քրեական գործի ապացույցների հետ՝ իրականությանը չեն համապատասխանում: Այսօր նախկին ընկերուհու Մարիամ Հունանյանի սպանության գործով Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ասաց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Նախորդ դատական նիստերի ժամանակ ամբաստանյալը հայտարարել էր, որ իր նկատմամբ ակնհայտ ճնշում է եղել, իրեն ծեծել են ու խոշտանգել՝ վերցնելով ինքնախոստովանական ցուցմունք:

Այսօր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հարցեր ուներ ինքնախոստովանական ցուցմունքի և քրեական գործում ուսումնասիրված այլ ապացույցների վերաբերյալ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փաստաբանին հայտնեց, որ ամբաստանյալը մինչ այս հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքը կեղծ է, այսպիսով՝ Կրոմվել Գրիգորյանին առաջարկեց դրա հետ առնչվող հարցեր չտալ, հակառակ դեպքում, այդ հարցերը կհանի:

Հարցաքննությունը շարունակելով, փաստաբանը ասաց, որ գործով անցնող վկա Միլենա Միրիջանյանը Դավիթի հետ առերեսվելիս դանակի գործադրման փաստերի հետ կապված ասել է, թե երիտասարդն իրեն հայտնել է, որ ձեռքը դրել է Մարիամի աչքերին, ծոցագրպանից հանել դանակն ու կտրել վերջինիս պարանոցը, այնուհետև գնացել է լոգարան, լվացվել, լվացել դանակը, վերցրել դարակից երկու սրբիչ, սրբել է նաև իր մատնահետքերը, սակայն ինքնախոստովանական ցուցմունքում, այս առնչությամբ ներկայացված է այլ կերպ, մասնավորապես, որ Դավիթը լվացվել է խոհանոցում, սրբիչը վերցրել է խոհանոցից ու դանակը չի մաքրել տուժողի բնակարանում: Դատավորը հարցը հանեց:

Հարցաքննության ընթացքում ամբաստանյալին հարցեր ուղղեց նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, ով նախ Դավիթին հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում փորձագետների մոտ նա հայտարարել է, թե գիտի՝ ով է Մարիամին սպանել ու դա միայն դատարանում կասի, ամբաստանյալը պատասխանեց, որ եթե նման տեղեկատվության տիրապետեր նախ և առաջ իր փաստաբանին կասեր:

«Այդ դեպքում, փորձագետներին ինչո՞ւ եք հստակ ասել, որ գիտեք, թե ով է սպանել, հիմա եթե չեք իմացել, ապա ինչո՞ւ եք նման տեղեկատվություն տվել, և Ձեր՝ անընդհատ տեղեկություն տալու հակասությունն ունի՞ հստակ պատճառ»,-հարցրեց դատավորը, իսկ ամբաստանյալն ասաց, թե չի հիշում՝ ինչ է ասել փորձագետներին:

Այնուհետև դատավորը հարց ուղղեց «Համադասարանցիներ» սոցիալական ցանցում գրանցված հաշվի վերաբերյալ, որի գաղտնաբառը՝ լատինատառ «սատանիստ» է (մանրամասները՝ տեսանյութում):

Ամբաստանյալի հարցաքննությունն ավարտելուց հետո, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ դատարանում որպես վկա հարցաքննել Արաքսյա Ռուդինային, Նաիրա Անդրեասյանին, Աննա Թամրազյանին, Մադլենա Վարդանյանին:

Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ խնդրելով այն չբավարարել՝ անհիմն լինելու համար, սակայն դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունները:

Վկաների հարցաքննությունը կսկսվի հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել