Նախկին ընկերուհու՝ Մարիամ Հունանյանի դաժան սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործով այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամբաստանյալի հարցաքննությունը:
Հարցեր ուներ մեղադրող կողմը և նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Դատավորը հիշեցրեց նախորդ ցուցմունքը, երբ ամբաստանյալը պնդել էր, որ իրեն ոստիկանություն բերման ենթարկելիս բռնություն են գործադրել, նա նաև ասաց, որ հրապարակվել է նաև դատաբժշկի փորձաքննության եզրակացությունն, ըստ որի՝ Դավիթի մոտ հայտնաբերվել է ընդամենը մեկ մարմնական վնասվածք. «Դատարանի համար անհասկանալի է՝ այդքան բռնությունների, հարվածների, ծեծի ու ջարդի հետևանքով, ինչու վնասվածքներ չեք ստացել»,- հարցրեց նա, իսկ ամբաստանյալը պատասխանեց. «Ինձ այնքան են հարվածել, որ մենակ ըտեղ է մնացել, իսկ մնացածը ես չեմ կարողանում ասել, թե խփեցին գլխիս ինչի չի մնացել հետք»:
Այնուհետև դատավորն ասաց, որ ամբաստանյալի բնակարանից առգրավվել է նաև համակարգիչ, հետաքրքրվեց, թե ով է օգտվել այդ համակարգչից, ամբաստանյալը պատասխանեց, որ բացի իր ընտանիքի անդամներից նաև ընկերն է օգտվել ու այլ անձիք, դատավորը հղում անելով գործի նյութերին՝ հավելեց, որ պարզ է դարձել, որ այդ համակարգչից օգտվող անձանցից մեկը սոցիալական ցանց է մուտք գործել «սատանիստ» գաղտնաբառով, Տաթևիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ գաղտնաբառը Դավիթին է պատկանում, թե՝ ոչ, ինչին ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ նման գաղտնաբառ ինքը չի օգտագործել:
Նշենք, որ այս հանգամանքին նաև դատարանում անդրադարձել է ինքը՝ ամբաստանյալը, մասնավորապես նա նշել է, որ ցուցմունք տալիս իր վրա ճնշում են գործադրել. «Ինձ վրա բռնություն են գործադրել օպերների կաբինետում՝ պետի մոտ: Պաշտպանի ներկայությամբ ևս սուտ ցուցմունք եմ տվել ու նպատակը եղել ա, որ պաշտպանվեմ, որ ես սատանիստ չլինեմ: Թե չէ սաղ ինձ ասում էին սատանիստ»:
Իսկ մինչև սպանության դեպքը Դավիթի հետ մտերմիկ կապերի մեջ գտնվող Միլենա Միրիջանյանը, դատարանում ցուցմունք տալով, ասել է. «Դեպքեր է պատմել, որ ինքը (Դավիթ Թամրազյանը,-Գ.Թ.) մասնակցում է ինչ-որ խմբավորման, որոնք դեմ են քրիստոնեությանը, սատանայապաշտներ են նրանք»:
Այսօր պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի կողմից տրված երկու նախաքննական ցուցմունքներից, սակայն դատարանը որոշեց հրապարակել ողջ ցուցմունքները: Նախաքննական մարմնին սպանության մասին Դավիթը պատմել է, որ սպանությունը նախապես է ծրագրավորել, ըստ նախաքննական ցուցմունքի՝ դեպքը տեղի է ունեցել Մարիամի տանը.
«Մենք պառկեցինք անկողնու վրա և սկսեցինք համբուրվել, քանի որ ես նրան որոշել էի սպանել, իմ գործողությունները հեշտացնելու նպատակով նրան ասացի, որ աչքերը փակի, որ նրա համար «սյուրպրիզ» ունեմ, ես անմիջապես հանեցի գրպանիս դանակը և միաժամանակ փակեցի բերանը, որ չբղավի ու արագ-արագ կտրեցի կոկորդը… Հետքերը թաքցնելու համար այրեցի ինչպես Մարիամի անկողնի, այնպես էլ կողքի անկողնու սավանը և դուրս եկա փողոց»,- այսպես նշվում է նախաքննական ցուցմունքում, ըստ մեղադրական եզրակացության Դավիթին այս քայլին գնացել է՝ անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, մինչդեռ ամբաստանյալը նախորդ դատական նիստին դատարանում հայտարարեց, որ ցուցմունքը գրել է ճնշումների ու բռնությունների հետևանքով, նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Տեղեկացնենք նաև, որ հերթական դատական նիստի ժամանակ Դավիթ Թամրազյանը չցանկացավ՝ իրեն նկարահանենք, այնպես որ տեսանյութում օգտագործվել է միայն ձայնագրությունը և դատավարության մյուս մասնակիցների մասնակցությամբ տեսագրությունը:
Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի հիմնական լուսանկարում՝ Դավիթ Թամրազյանը, լուսանկարն իրականացվել է նախորդ դատական նիստի ժամանակ
Գ.Թ.