Ինչո՞ւ չեք հայտնաբերում «Ջունգ»-ին. «Բանդայի»-ի գործով փաստաբանը կմիջնորդի հարցաքննել ավազակային հարձակման ենթադրյալ մասնակցին

«Բանդայի»-ի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, պատճառը՝ ամբաստանյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան չբերելու հանգամանքն էր: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը գործի քննությունը տեղափոխեց հաջորդ հինգշաբթի:

Ամբաստանյալներից Ռաֆայել Հարոյանի իրավունքների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից Կարեն Վարդանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Երրորդ մասում տեղակայված տարադրամի կետի վրա ինքն է ավազակային հարձակում կատարել, սակայն դա արել ոչ թե այն անձանց հետ, ովքեր մեղադրվում են սույն գործով, այսինքն՝ Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի, այլ Կիրովականցի Քյարամի տղա Վահան անունով և «Ջունգ» մականունով անձի, որը կալանքի տակ է գտնվում. «Դրանից հետո դատական նիստեր տեղի չեն ունեցել, բացառությամբ նախորդ նիստերի, երբ մեղադրանքի կողմին ուղղված բազմաթիվ պահանջներին, նաև գլխավոր դատախազություն ուղարկված բողոքներին, որ ինչո՞ւ չեք հայտնաբերում «Ջունգ»-ին, առավել ևս, որ Կարեն Վարդանյանի ցուցմունքների չհերքման դեպքում իմ պաշտպանյալն ու Հայկ Կոջոյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր, մեղադրողը հայտարարեց, որ նման մարդ չկա»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Այս նիստից հետո Կարեն Վարդանյանի պաշտպանը՝ Թամարա Բաղդասարյանը, դատարան ներկայացրեց դատավճիռ, ըստ որի՝ առկա է նման անձնավորություն, ով պատիժ է կրում «Արթիկ» ՔՀԿ-ում, նա Վահան Քյարամի Գալստյանն է:

Այնպես որ հերթական նիստը պետք է այս հանգամանքների շուրջ ծավալվեր, Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ուներ, որ այդ անձին դատարան հրավիրեն և հարցաքննեն:

«Բացի այդ, իմ պաշտպանյալը հեռացված է դատական նիստից, որի վերաբերյալ ես նույնպես ունեի համապատասխան միջնորդություն»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել