Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝
- Աշխատողը պարտավորվում է կատարել որոշակի աշխատանք` իր մասնագիտությամբ, պաշտոնով, որակավորմամբ կամ համապատասխան ուսուցման ծրագրով, պահպանելով աշխատավայրում սահմանված կարգապահությունը։
- Գործատուն պարտավորվում է տրամադրել աշխատանքը, վճարել պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմանները։
Ի՞նչ պետք է պարունակի աշխատանքային պայմանագիրը
Աշխատանքային պայմանագիրը պետք է պարտադիր ներառի հետևյալ տվյալները․
- Պայմանագրի կնքման ամսաթիվը և վայրը։
- Աշխատողի անունը, ազգանունը և հայրանունը։
- Գործատուի վերաբերյալ տեղեկությունները՝ հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի տվյալները։
- Աշխատանքի վայրը
- Գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
- Աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը։
- Պաշտոն և գործառույթներ՝ ըստ պաշտոնից բխող պարտականությունների։
- Հիմնական աշխատավարձի չափը և վճարման ձևը (ժամային, օրական, ամսական կամ գործավարձային), ներառյալ հարկերը և պարտադիր վճարները։
- Հավելումներ, լրավճարներ, հավելավճարներ՝ օրենքով սահմանված կամ կողմերի համաձայն։
- Աշխատանքային այմանագրի գործողության ժամկետը (եթե անհրաժեշտ է)։
- Փորձաշրջան (եթե սահմանվում է)՝ տևողությունը և պայմանները։
- Աշխատաժամանակի ռեժիմը և շաբաթական ժամերի տևողությունը։
- Ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը։
- Պայմանագիրը ստորագրող անձի տվյալները և պաշտոնը։
- Աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։
Կողմերը համաձայնության դեպքում կարող են ներառել նաև այլ պայմաններ, որոնք կարող են լինել հավելվածի տեսքով։ Այդ հավելվածը աշխատանքային պայմանագրի անբաժանելի մաս է համարվում։
Աշխատանքային պայմանագիրն ու օրենքը
- Պայմանագիրը պետք է համապատասխան լինի այն օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին, որոնք գործում են կնքման պահին։
- Եթե պայմանագրի կնքման հետո ընդունվում են նոր օրենքներ կամ կանոններ, որոնք ավելի բարենպաստ են աշխատողին, պայմանագիրը պետք է համապատասխանեցվի նոր օրենքների պահանջներին։
- Կնքված պայմանագրի պայմանները պահպանվում են, եթե նոր օրենքը չի պարտադրում հակառակ գործողություն։
Հիշեք
- Աշխատանքային պայմանագիրը ձեր հիմնական երաշխիքն է աշխատանքային հարաբերություններում։
- Այն պետք է կազմվի օրենքին համապատասխան և ներառի բոլոր պարտադիր դրույթները։
- Աշխատողի իրավունքները պաշտպանված են նաև նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են նախատեսում։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։