Մատուցողի Մարիամ Հունանյանի սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց որպես վկա անցնող տաքսու վարորդը:
Նա ասաց, որ դեպքի օրը՝ 2013թ. մայիսի 7-ին ստացել է պատվեր և աղջկա է տեղափոխել Արզումանյան փողոց: Հարցաքննությունից պարզվեց, որ խոսքը գնում էր գործով մեկ այլ վկա Միլենա Միրիջանյանի մասին: Նկարագրելով ուղևորին` վարորդը հիշեց. «Աղջիկ էր, մինչև 30 տարեկան, շորերի գույնը չեմ հիշում»:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպանը` Կրոմվել Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչ գույնի մեքենա է վարել նա, վարորդն ասաց, որ հստակ չի հիշում. մեկ ու կես տարի է անցել, փոխվել են իր մեքենաները: Նա չէր հիշում նաև, թե ի՞նչ եղանակ էր եղել այդ օրը:
Վկան ասաց, որ Միլենան իր մեքենան նստել է երեկոյան ժամերին, նստելով հեռախոսը փոխանցել է իրեն, որի միջոցով խնդրել են ուղևորվել Արզումանյան փողոց:
Մեքենան կանգնեցրել է մի դպրոցի դիմաց, 20 րոպե անց իրենց է մոտեցել կնգուղի (կապիշոն) հագած մի երիտասարդ ու նստել մեքենայի մեջ. «Տղան նստեց ու ասաց` գնանք համալիր, այնտեղ էլ ավարտել եմ պատվերը»,- նշեց վկան:
Փաստաբանն ասաց, որ որպես պատվերի ընդունում, դատարան ներկայացված փաստաթղթում առկա է 4 ժամ, ինչո՞ւ է այդպես, նա գրությունը ներկայացրեց տաքսու վարորդին, ով նշեց, թե հստակ կարող են ասել միայն տաքսի ծառայությունում:
Այնուհետև փաստաբանը անցավ քննիչի մոտ հարցաքննության մանրամասներին, մեջբերում արեց ուղևորուհու՝ Միլենա Միրիջանյանի ցուցմունքից, որ հարցաքննության օրը նույն սենյակում երկու քննիչ է եղել ու մեկը հարցաքննել է իրեն, մյուսը տաքսու վարորդին: Վկան պարզաբանեց, թե հիշում է՝ ինչպես մտավ հարցաքննության սենյակ, որտեղ մի աղջիկ կար, ով ճանաչել է իրեն՝ ասելով՝ «նա էր», ու աղջկան հեռացրել են սենյակից:
Փաստաբանի հարցերից հետո ամբաստանյալը հետաքրքրվեց տաքսու վարորդից՝ եթե ինքը հարբած նստեր մեքենայի մեջ, արդյոք վարորդը հոտից կզգար դա, վերջինս չբացառեց այդ հանգամանքը: Այնուհետև Դավիթ Թամրազյանը հարցրեց. «Լսի Գումի շուկայի մոտով անցել ես, մսի տհաճ հոտ է գալիս, տենց հոտ գալի՞ս էր վրայիցս»,- վարորդը բացասական պատասխան տվեց (նշենք, որ Դավիթը խոհարար է եղել ու աշխատել է տարբեր ռեստորաններում):
Դատավորը հետաքրքրվեց, թե մայիսի 7-ին իր մեքենան նստած երիտասարդն արդյոք Դավիթ Թամրազյանն էր եղել, թե ոչ, վարորդը չկարողացավ հիշել ու հստակ պատասխան տալ:
Այնուհետև դատարանն անցավ քրեական գործով առկա ապացույցների հետազոտմանը:
Մեղադրող դատախազը մեջբերեց դեպքի օրը Դավիթ Թամրազյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունից հատված, որում ամբաստանյալը խոստովանում է իր մեղքը: Արձանագրությունից պարզվեց, որ Դավիթն ու տուժողը միասին գնացել են մի բնակարան, որտեղ ամբաստանյալը նրան խնդրել է պառկել մահճակալին և աչքերը փակել՝ ասելով, որ անակնկալ պետք է անի. «Մարիամի աչքերը փակելուց հետո անմիջապես հանել է դանակն ու կտրել նրա պարանոցը, դրանից հետո դանակը դրել է գրպանը, գնացել է զուգարան, որ լվացվի, սրբիչով սրբել է ձեռքերը, նույն սրբիչը դրել գրպանը, այնուհետև մտել հյուրասենյակ, մաքրել հետքերը այլ սրբիչով և այն դրել գրպանում»,- ասված էր արձանագրության մեջ:
Բացի այդ, այսօր հետազոտվեց նաև լազերային սկավառակ, որտեղ առկա էին երկու տեսաֆայլեր` 4 րոպե տևողությամբ, տեսագրություններն արվել էին քննչական գործողությունների շրջանակներում:
Կարդացեք նաև՝
Գևորգ Թոսունյան