Սպասվում են նոր փոփոխություններ և լրացումներ ընտանեկան օրենսգրքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների մասնակցությամբ մշակվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրք»-ում լրացումներ և փոփոխությունների ՀՀ օրենքի նախագիծը: Տվյալ նախագծի հեղինակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի, կանանց և երեխաների վարչությունը: Այն առաջին անգամ բացվել է 10/09/2015թ.:

Այսպիսով, ըստ վերոնշյալ նախագծի` Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի երեխայի լավագույն շահերից: Մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի է առնվում տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Առաջընթաց կարելի է համարել նաև Վերոնշյալ օրենսգրքի 53-րդ հոդվածում հետևյալ լրացումը ամրագրելը. «…Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ծեծը կամ  այլ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը, որպես դաստիարակության միջոց կիրառելը»: Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության  տարածքային գործակալության կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված երեխայի և ծնողի (ծնողների) գնահատված սոցիալական կարիքի և  պատշաճ վարքագծի  մասին  եզրակացությունը:

Օրենսգրքի 117-րդ հոդվածը առաջարկվում է լրացնել հետևյալ կերպ. «Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի տասնութ տարուց ոչ պակաս և հիսուն տարուց ոչ ավելի, իսկ որդեգրող ամուսինների տարիքը միասին չպետք է գերազանցի հարյուր տարին, բացառությամբ խորթ մոր, խորթ հոր կամ այլ մերձավոր ազգականների կողմից որդեգրման դեպքերի»:

Տվյալ նախագծով նաև ծնողները, բացի խորթ հոր, խորթ մոր կամ այլ հարազատներից, զրկվում են երեխային, որոշակի անձի կողմից կամ առանց նշելու որոշակի անձի, որդեգրման տալու համաձայնություն տալուց:

Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հասկացությամբ (ճգնաժամային խնամատար ընտանիք) և 138.2-րդ հոդվածով, որտեղ նշվում են այն դեպքերը, երբ ճգնաժամային խնամատար ընտանիքում կազմվում է երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել