ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1044–րդ հոդվածը սահմանում է ցանկացած հրապարակային մրցույթի պայմանները փոփոխելու և վերացնելու իրավական կառուցակարգը։
Այսպես, հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը:
Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին ծանուցումը պետք է կատարվի մրցույթը հայտարարելու եղանակով:
Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու դեպքում մրցույթ հայտարարած անձը պետք է հատուցի ցանկացած անձի կրած ծախսերը, որը նա կատարել է հայտարարության մեջ նախատեսված աշխատանքի վրա` մինչև այն պահը, երբ իրեն հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին:
Մրցույթ հայտարարած անձն ազատվում է ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ նշված աշխատանքը կատարելը կապված չի եղել մրցույթի հետ, մասնավորապես, այն կատարվել է մինչև մրցույթ հայտարարելը կամ ակնհայտորեն չի համապատասխանում մրցույթի պայմաններին:
Եթե մրցույթի պայմանները փոփոխելիս կամ մրցույթը վերացնելիս խախտվել են վերը նշված պահանջները, մրցույթ հայտարարած անձը պետք է պարգևը վճարի նրանց, ովքեր կատարել են հայտարարությունում նշված պայմանները բավարարող աշխատանք: