Բաղրամյան պողոտայում տարբեր են մարդիկ ու նախասիրությունները, նպատակը մեկն է

Բաղրամյան պողոտայում Սահմանադրական դատարանից մինչև Սարյանի պուրակ: Այսքան է ձգվում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բարձրացման բողոքի ցույցը:

Բաղրամյան պողոտայի մի հատվածում երգում են ազգային պարեր, մյուս կողմում ռոք է հնչում, տարբեր են մարդիկ ու նրանց ճաշակները:

Տարիքային տարբերություն էլ կա, Արթուրն ու Արտակը չցանկացան նկարահանվել, միայն ասացին, որ 15 և 17 տարեկան են, առավոտվանից մասնակցում են ցույցին, թե ինչո՞ւ է կառավարությունը պատրաստվում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, նրանք պատասխան չունեին. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչու, մենք կստիպենք, որ այդ բարձրացումը տեղի չունենա»,- ասաց տղաներից Արտակը:

68-ամյա Արմենուհի Ղազարյանը առավոտվանից այստեղ է. «Միայն գնում եմ թոռնիկիս կերակրում եմ ու գալիս եմ, գիշերները չեմ կարող մնալ այստեղ, առողջականս չի ներում, բայց գալիս-գնում եմ»:

Տիկին Արմենուհին վստահ է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է ոլորտում տիրող կոռուպցիայով. «Ակնհայտ է կոռուպցիան, այլ կերպ չի կարելի բնորոշել, քանի որ չէր կարող մեր հանրապետությունում նման հսկա կառույցի սեփականատեր, որը ՀԷՑ-ն է, չէր կարող չարաշահումներ թույլ տալ, եթե չլինեին որոշ պաշտոնատար անձանց աջակցությունը»,- ասաց նա:

Ոլորտում կոռուպցիա է տեսնում նաև իրավաբան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանը: Նրա հետ խոսեցինք նաև ակցիայի ընթացքում տեղի ունեցած դեպքերից, Արան փոխանցեց, որ ոստիկանները չեն ցանկանում տարածքից հեռացնել ալկոհոլ օգտագործած անձանց:

Ինչևէ, որքան էլ մարդիկ այստեղ տարբեր լինեն, բոլորը մեզ հետ զրույցում նշում էին, որ իրենց նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը ու կառավարությանը դարձնել ավելի հաշվետվողական:

Մանրամասները՝ տեսանյութում

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել