Սահմանադրական բարեփոխումների շրջանականերում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու դատական իշխանության գործունակության բարձրացմանը: Դատական երկաստիճան համակարգին անցման, ատենակալների ինստիտուտի ներդրման և այլ հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց Սահմանադրական դատարանի նախագահի առաջին խորհրդական Անահիտ Մանասյանի հետ:
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է դատական եռաստիճան համակարգից անցում երկաստիճան համակարգի: Որոշ մասնագետներ այդ անցումն ընդունելի չեն համարում` նշելով, որ մինչև 1995 թվականը դատական երկաստիճան համակարգ է գործել, որի գործունակությունը արդյունավետ չի եղել: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
-Նախ մի փոքր հստակեցում անեմ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով դատական իշխանության գործունակությունը բարձրացնելու համար երկաստիճան դատական համակարգին անցումը դիտարկվել է ոչ թե որպես սահմանադրական լուծումների համար միակ հնարավոր տարբերակ, այլ զուտ որպես այլընտրանք և ուշադրության արժանի հանգամանք: Հետևաբար, պարտադիր չէ նաև, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծում նախատեսվի անցում դատական երկաստիճան համակարգին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյո՞ք հիշյալ տարբերակն առավել նպատակահարմար է, քան գործող եռաստիճան դատական համակարգը, ես ձեռնպահ կմնամ միանշանակ եզրահանգում ներկայացնել: Կարծում եմ, որ դատական իշխանության գործունակության ապահովման հիմնական երաշխիքը ոչ թե դատական համակարգում որոշակի քանակությամբ ատյանների առկայությունն է, այլ դատական իշխանության կառուցակարգային անկախությունն ու գործառութային արդյունավետությունը: Դա, բնականաբար, պայմանավորված է ինչպես սահմանադրական համապատասխան կարգավորումների առկայությամբ, այնպես էլ իրավական մշակույթի մակարդակով` ինչպես հասարակության, այնպես էլ դատական իշխանությունը կրողների: Եվ առաջին հերթին հենց ներկայացված հանգամանքների ամբողջությունը կարող է դառնալ համակարգի գործունակությունը բարձրացնելու հիմնական գրավականը: Ավելին, դատական ատյանների քանակի հստակեցման հիմքում պետք է ընկած լինի հետևյալ առանցքային չափանիշը` արդյո՞ք նախատեսվող ատյանների ամբողջությունը կարող է երաշխավորել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, դատարանի մատչելիությունը, դատավարության խնայողականությունն ու արագությունը, դատական վերանայման արդյունավետությունը, իսկ վերջնարդյունքում՝ նաև երկրում իրականացվող արդարադատության պատշաճ որակը:
Միևնույն ժամանակ դարձյալ ընդգծեմ, որ բացի դատական ատյանների քանակի ընտրությունից, անհրաժեշտ են մի շարք այլ երաշխիքներ` դատական իշխանության անկախությունն ու գործունակությունը ապահովելու համար: Այս համատեքստում կարևորվում է, օրինակ, արդարադատության խորհրդի դերի և գործունեության արդյունավետության բարձրացումը: Սահմանադրական այս մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական ազդեցություններից: Այս առումով, կարծում եմ, որ նոր իրավակարգավորման կարիք ունեն արդարադատության խորհրդի ձևավորմանը, իշխանության այլ ինստիտուտների հետ դրա փոխհարաբերություններին, ինչպես նաև այս մարմնի կազմին և լիազորությունների շրջանակին վերաբերող հարցերը:
Շատ կարևոր է նաև հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Կարծում եմ, որ առկա խնդիրներից շատերը պատճառ են վերջինիս նկատմամբ վստահության որոշակի պակասի:
Վերջում պարզապես ընդգծեմ, որ անկախ այն հանգամանքից, կպահպանվի արդյոք եռաստիճան դատական համակարգը, թե անցում կլինի երկաստիճանի, բոլոր այն իրավակարգավորումները, որոնք նախատեսված կլինեն սահմանադրական բարեփոխումների շրջանակներոմ, ուղղված կլինեն հենց դատական իշխանության գործունակության բարձրացմանը, հնարավորություն կտան ապահովելու վերջինիս անկախությունը, արդյունքում` բարձրացնելու հանրային վստահությունը իշխանության հիշյալ ճյուղի ու վերջինս կրողների նկատմամբ:
-Խոսեցիք արդարադատության խորհրդի մասին` որպես դտական իշխանության գործունակության բարձրացման երաշխիք: Արդյո՞ք ներկայիս արդարադատության խորհուրդն արդյունավետ չի գործում:
-Բնականաբար, կոռեկտ չի լինի ներկայումս արդարադատության խորհրդի գործունեության մակարդակն անարդյունավետ որակել: Միևնույն ժամանակ, չի էլ կարելի պնդել, որ հիշյալ սահմանադրական մարմնին առնչվող կարգավորումները, արդյունքում նաև` վերջինիս գործունեության արդյունավետությունը չունեն կատարելագործման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ այդ առումով առանցքային է արդարադատության խորհրդի կառուցակարգային անկախության երաշխավորումը: Հիշյալ տեսանկյունից կարևոր է, օրինակ, խորհրդի դատավոր և իրավաբան-գիտնական անդամների միջև անհրաժեշտ հավասարակշռության երաշխավորումը, պաշտոնավարման ժամանակահատվածում այլ վճարովի աշխատանքի կատարման բացառումը` բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից, և այլն:
-Նշվում է, որ էական բարեփոխումներ են նախատեսվում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Որո՞նք են դրանք, ըստ Ձեզ:
-Հայեցակարգում հստակ սահմանվել են այն հիմնական հայեցակարգային հիմնադրույթները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Դրանք առաջին հերթին վերաբերում են մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող կարգավորումներին, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորմանը, ապահովմանն ու իրացմանը սահմանադրական լուծումներում:
Ըստ էության` իրավունքի գերակայությունն է այն հիմնարար սկզբունքը, որը պետք է ընկած լինի ամբողջ սահմանադրաիրավական կարգավորումների, այդ թվում նաև` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող դրույթների հիմքում: Բնականաբար, վերջինիս երաշխավորումն ուղղակի ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու տեսանկյունից:
Չափազանց կարևոր է նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման ինստիտուտը, որը, նույնպես, ըստ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, նախատեսվում է լրջորեն կատարելագործել:
Միևնույն ժամանակ նշեմ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներկայացված բոլոր հայեցակարգային հիմնադրույթներն էլ այս կամ այն կերպ առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, եթե ոչ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակի կերպով: Օրինակ` արդեն խոսեցի դատական իշխանության գործունակությունը բարձրացնելու և անկախությունը երաշխավորելու կառուցակարգերի մասին, ինչը նույնպես, կարծում եմ կարևորագույն երաշխիք է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ինստիտուտի զարգացման տեսանկյունից:
-Իսկ իրավունքների սահմանափակումը ինչպե՞ս է ամրագրվելու, Եվրոպական կոնվենցիայի նմանությա՞մբ:
– Հիմնական խնդիրը տվյալ պարագայում այն է, թե ինչպես պետք է ամրագրվեն այդ սահմանափակումների հիմքերը: Դրանք կարող են լինել ընդհանուր՝ սահմանափակման ենթակա բոլոր իրավունքների համար, կամ հատուկ՝ յուրաքանչյուր հիմնական իրավունքի համար: Գործող իրավակարգավորումների շրջանակներում որոշակի անհստակություն է առկա` այս խնդրի առնչությամբ: Մասնավորապես, հիմնական իրավունքներին առնչվող մի շարք սահմանադրական կարգավորումներում սահմանված են ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ սահմանափակումներ, ինչն առաջացնում է տարակարծիք մեկնաբանություններ դրանց ծավալի և բովանդակության վերաբերյալ:
Օրինակ` ՀՀ Սահմանադրության 23 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: Միևնույն ժամանակ, նշված հատուկ սահմանափակման հետ մեկտեղ Սահմանադրության 43 հոդվածը նախատեսում է նաև հիշյալ սահմանադրական իրավունքի առնչությամբ ընդհանուր սահմանափակումներ:
Կարծում եմ, որ նման սահմանադրական կարգավորումները հանգեցնում են սահմանափակումների և դրանց հիմքերի սահմանման անհամակարգվածության, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում դրանց իրացման տեսանկյունից: Հետևաբար, նշված սահմանադրական լուծումները պահանջում են հետագա կատարելագործում` հաշվի առնելով այն, որ քննարկվող հիմքերը կարող են լինել կամ ընդհանուր` սահմանափակման ենթակա բոլոր իրավունքների համար, կամ հատուկ` յուրաքանչյուր հիմնական իրավունքի համար: Կարծում եմ, որ հիմնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել նախընտրելի է երկրորդ մոտեցումը, քանի որ այն հնարավորություն է տալիս հաշվի առնել յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման առանձնահատկությունները:
Հիմնական իրավունքների սահմանափակումների հիմնախնդիրը սերտորեն կապված է նաև այդ սահմանափակումներին ներկայացվող պահանջների հետ: Այդ առումով, մասնավորապես, կարևոր է, որպեսզի սահմանափակումը չաղավաղի համապատասխան իրավունքի էությունը և համաչափ լինի հետապնդվող նպատակին: Նշեմ, որ այդ հանգամանքները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային կարևորագույն հիմնադրույթներից են և առանցքային են Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար:
Ինչ վերաբերում է սահմանափակումների ամրագրման նմանությանը Եվրոպական կոնվենցիայի կարգավորումներին, նշեմ, որ տվյալ պարագայում կարևորվում է ոչ թե հիշյալ կարգավորումների նմանությունը կամ տարբերությունը, այլ այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ընդհանրապես, և մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին առնչվող փոփոխությունների հիմքում մասնավորապես, ընկած են նաև գոյություն ունեցող միջազգային, այդ թվում`Ձեր կողմից հիշատակված չափորոշիչները:
-Հայեցակարգով նախատեսվում է նաև ատենակալների ինստիտուտի ներդրումը, որի վերաբերյալ իրարամերժ են կարծիքները: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք` արդյունավետ կաշխատի այն հայաստանյան իրականությունում:
-Այս դեպքում էլ ուզում եմ նշել, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ատենակալների ինստիտուտի ներմուծումը դիտարկվում է որպես սոսկ քննարկման ենթակա հնարավոր տարբերակ: Բնականաբար, երբ կներկայացվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այն ժամանակ հասկանալ կլինի` արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը որդեգրել է հիշյալ ինստիտուտը ներդնելու մոտեցումը, թե` ոչ:
Այո, քննարկվող հիմնախնդրի առնչությամբ կան երկու հակառակ տեսակետներ, շատերի կարծիքով հիշյալ ինստիտուտը չի կարող արդյունավետ գործել, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր բնակչությամբ: Իսկ մյուս տեսակետի համաձայն` այս ինստիտուտը հնարավորություն է տալիս պատասխանատվությունը կիսել արդարադատությունն իրականացնող և դատական իշխանությունը ներկայացնող մարմնի` դատարանի, և քաղաքացիների միջև:
Այս հարցի առնչությամբ ձեռնպահ կմնամ միանշանակ եզրահանգում ներկայացնելուց, սակայն կարծում եմ, որ դատական իշխանության գործունակության բարձրացման և անկախության երաշխավորման առումով կան մի շարք այլ կարևորագույն կառուցակարգեր, որոնց մասին արդեն խոսեցի:
Լուսանկարը տրամադրել է Ա. Մանասյանը
Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի