Գերագույն դատարանի ստեղծումը արդարացված եմ համարում, բայց մի փոքր այլ կերպ. Վահե Հովհաննիսյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։ ՀՀ վարչապետը սույն թվականի դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։

Իրավաբանnet-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի հետ:

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։

– Իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումների առումով ամենակարևոր հարցը պետք է լինի կառավարման մոդելի ընտրությունը: Դեռևս մի քանի տարի առաջ, երբ սահամանադրական փոփոխություններ էին նախաձեռնել, որի արդյունքում անցում կատարեցինք պառլամենտական կառավարման մոդելին, ես ինքս դեմ եմ ատրահայտվել: Այն ժամանակ էլ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումների ընթացքում ես տեսակետ եմ արտահայտել , որ այնպիսի պայմաններում, որում գտնվում է մեր երկրը, խորհրդարանական կառավարման մոդելը իրեն չի կարող արդարացնել: Հատկապես այսօրվա իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, ես գտնում եմ, որ պետք է կիսանախագահական կառավարման մոդելին անցնենք, եթե իհարկե մեր առջև արդյունավետ կառավարում ապահովելու խնդիր է դրված: Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած փոփոխություն՝ կլինի սահմանադրական, թե իրավական համակարգում տեղի ունեցող այլ փոփոխություն, պետք է հետապնդի լեգիտիմ նպատակ: Եթե կառավարման մոդելի փոփոխությունը միտված է Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելուն և կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն, ուրեմն՝ այո, դա անհրաժեշտ է:

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

– Պետք է մի քանի հանգամանք հաշվի առնենք: Նախ և առաջ տեսնում ենք, որ գործող Սահմանադրությունը կառավարման ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից երբեմն արդյունավետ կառուցակարգեր չի պարունակում: Պետք է գնահատել, թե հնարավոր ինչ ճգնաժամային իրավիճակներ կարող են լինել՝ խոսքը սահմանադրական ճգնաժամի մասին է, և նոր սահմանադրությամբ նմանատիպ ճգնաժամերը բացառող կառուցակարգեր սահմանել:

Ես կարծում եմ, որ պատերազմում կրած պարտությունից հետո մեզ վրա հետհաշվարկ կա: Խոսքը վերաբերվում է այն հնգամյա ժամկետին, որի ընթացքում ռուսական խաղաղապահ առաքելությունը գտնվելու է ԼՂՀ տարածքում, և որից մեկ տարին արդեն անցել է: Այս տարիների ընթացքում մենք պետք է աշխատենք վերականգնել մեր ռեսուրսները թե՚ տնտեսական, թե՚ կառավարման արդյունավետության, ևթե՚ քաղաքականության բնագավառում տեղի ունեցող գործընթացների մասով: Այդ հետհաշվարկը կարելի է ասել, որ գործող իրավակարգավորումների պարագայում մեր օգտին չէ: Ես գտնում եմ, որ մենք պետք է արագ անցում կատարենք մոբիլիզացիոն տնտեսության մոդելի, որի պայմանաներում կիսանախագահական ձևը շատ ավելի արդյունավետ կարող է գործել, քան խորհրդարանական կառավարման մոդելը:

-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված  սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։

– Գերագույն դատարանի ստեղծումը արդարացված եմ համարում, բայց մի փոքր այլ կերպ: Ես գտնում եմ, որ մեր մայրցամաքային իրավական համակարգի երկրների պարագայում պետք է միավորել ոչ թե Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները, այլ՝ Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանները: Ես ավելի շատ այս մոդելի կողմնակից եմ: Պետք է ստեղծվի նոր բարձրագույն դատական ատյան՝ դատական ակտերի վերանայման յուրահատուկ մոդելով: Կարծում եմ, այս առումով դատական համակարգի առջև ծառացած շատ ավելի լուրջ խնդիրներ կլուծենք. խոսքը վերաբերվում է  ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և արդարադատության արդյունավետության բարձրացմանը: Այն ռեսուրսները, որոնք ծախսելու ենք Սահմանադրական և Վճռաբերկ դատարանների  միավորման արդյունքում ստեղծվելիք Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար, պետք է ուղղենք Վերաքննիչ և Վճռաբեկ դատարական ատյանները միավորելուն: Մենք պետք է ներդնենք դատական ակտերի վերանայման շատ ավելի արդյունավետ համակարգ և ուժեղացնենք առաջին ատյանի դատարանները: Իմ կարծիքով, պետք է հիմնական շեշտը դնել վեճը լուծող դատական ատյանի բնականոն գործունեությունը ապահովելու վրա:

-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

– Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Միանշանակ կարելի է նման մոտեցում ցուցաբերել և դա արդարացված համարել: Այստեղ պետք է շեշտել, որ եթե կառույցը գործում է արդյունավետ, այսինքն՝ կա կամք այդ կառույցի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ուրեմն Սահմանադրական մարմնի կարգավիճակ հաղորդելը ճիշտ է: Բայց միայն սահմանադրաիրավական այդ կարգավորումների վրա հույս դնել, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի լինի: Ես կարող եմ վկայակոչել մարմիններ, որոնք ունեն սահմանադրական կարգավիճակ, բայց նրանց գործունեությունը ես արդյունավետ չեմ համարում:

– Վարչապետը դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։ Գործընթացը կարծես թե մեկնարկում է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ընթացք այն պետք է ունենա։

– Չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենա: Անհրաժեշտության մասով կարևոր է, թե ինչ նպատակ է հետպնդում: Եթե սահմանադրական բարեփոխումները հետապնդում են լեգիտիմ նպատակ, ուրեմն պետք է այդ գործընթացը սկսել և ավարտին հասցնել, բայց եթե այդ գործընթացը նման նպատակ չի հետապնդում, ուրեմն այս ամբողջ գործընթացը ես համարում եմ ինքնանպատակ: Ես հերթական կոստյումին դեմ եմ:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել