Կառավարման ձևի հետ կապված, կարծում եմ, մենք փոփոխությունների անհրաժեշտություն ունենք. Արսեն Թավադյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։ ՀՀ վարչապետը սույն թվականի դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։

Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանի հետ:

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։

– Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են՝ սկսած կառավարման ձևից, մինչև կառավարման համակարգ և տնտեսական հարաբերությունների կարգավորում: Այսինքն՝ այն հիմնական երեք հարցերը, որոնք ընկած են պետական համակարգի հիմքում, կարծում եմ, որ Հայաստանում պետք է բարեփոխվեն: Դա է ցույց տալիս նաև վերջին տարիների փորձը:

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

– Առաջին հերթին պետք է հաշվի առնել մեր տնտեսական, աշխարհագրական, քաղաքական դրությունը և պայմանները: Պետք է հաշվի առնել նաև այն, որ մենք ցավոք սրտի մշտապես պատերազմող երկիր ենք և ամբողջ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի դրան, այսինքն՝ նրան, որ մենք ունենք սուղ ռեսուրսներ և պատերազմի վտանգ՝ չունենալով տնտեսական ռեսուրս: Մեր հիմնադրույթային կետը հենց սա պետք է լինի:

Բարեփոխումների գործընթացը պետք է իրականացնել հնարավորինս թափանցիկ և մասնագիտական՝ ներգրավելով ոչ միայն իրավաբանների, այլև տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների և ազգագետների: Այն պետք է ուղեկցվի լայնածավալ հրապարակային բացատրություններով և գիտական քարոզով:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ  կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։

– Կառավարման ձևի հետ կապված, կարծում եմ, մենք փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Տարբեր քաղաքական ուժեր հակասական բաներ են ասում, ընդորում հակասում են նաև իրենք՝ իրենց, բայց դա չի վերացնում այն փաստը, որ մեր ժողովուրդը չի ընտրում կուսակցություններ, այլ ընտրում է անձանց, հետևաբար զուտ այս փաստի ուժով անիմաստ է ժողովրդից պահանջել ընտրել կուսակցություններ, եթե ինքը դա չի անում: Հասարակությունը կուսակցությունների ետևում միշտ տեսնում է անձանց և ոչ թե գաղափարները: Պետք չի այստեղ ֆարս անել և սպասել, որ Հայաստանում կձևավորվեն կուսակցություններ և ժողովուրդը կընտրի ըստ գաղափարախոսության: Բնականաբար դա չի լինելու: Ինչ վերաբերվում է տնտեսական հիմնավորմանը, ապա կառավարման նախագահական ձևը շատ ավելի մրցակցային է և շատ ավելի էժան: Ինչպես նաև այս կառավարման ձևի դեպքում քաղաքական պատասխանատվությունը շատ ավելի ճիշտ են հաշվարկում:

-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված  սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։

– Քանի որ համահեղինակներից մեկը ես եմ, ասեմ, որ մեր մտքին կար մի քանի հանգամանք սկսած դատական արդյունավետությունից, մինչդատական գործերի դատական խնայողություններից, որից որ բխում էր միտքը և այս բոլոր պարամետրերով, կարծում եմ, որ մեր առաջարկը բավականին արդյունավետ էր: Իհարկե պետք էր հասկանալ, որ հիմնավորումը չպետք է մեխանիկական լինի: Այսինքն՝ պետք է դիտարկել այս գործընթացը որպես Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարանի վերացում: Հիմնավորումը շատ ավելի լուրջ ձևով պետք է կատարվի և զուտ չստեղծվի ընդամենը մեկ գերագույն դատարան անվանումով մարմին, որը ըստ էության ուղղակի առանձին իրականացնելու է ընդհանուր իրավասության դատարանների ֆունկցիաներ և առանձին Սահմանադրական դատարանի ֆունկցիաներ, բայց ձևական առումով նստելու է մեկ շենքում: Եթե այդպես է լինելու, բնականաբար դրա իմաստը չկա:  Մեր առաջարկը շատ ավելի խորքային էր, որը ենթադրում էր ֆունկցիոնալ փոփոխություն:

-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

– Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեպ պայքարելու համար պետք է վերացնել կոռուպցիա ծնող պայմանները, և ոչ թե պայքարել հետևանքների դեմ: Կոռուպցիան ծնվում է այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը խախտելն ավելի ձեռնտու է շատ ոլորտներում և պատասխանատվությունը շատ ավելի քիչ է, իսկ օրենսդրական ու իրավական մեթոդները և միջոցները, որոնք նախատեսված են համապատսխան չեն այն մարտահրավերներին և պահանջմունքներին, որոնք որ հասարակությունը ունի: Հետևաբար որքան էլ հակակոռուպցիոն հանձնաժողովի կարգավիճակը բարձրացնես և ստեղծես հակակոռուպցիոն մարմիններ, կոռուպցիան չի վերանա, որրովհետև մեր մոտ օրենքը խախտելը ավելի ձեռնտու է, քան իրավաչափ վարքագիծը: Ուստի Սահմանադրությունը պետք չի ծանրաբեռնել  ավելորդ բաներով:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել