Կնոջը մեծարում են, բայց նրա իրավունքները չեն ճանաչում. Ուսուցում Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզում յուրահատուկ ավանդույթ կա, ամեն անգամ խնջույքների սեղանին տղամարդիկ առաջինը կնոջ կենացն են խմում, դեռ ավելին` շուրջ 5 տարբեր կենացներ են հնչում` գովերգելով կնոջը, ով ընտանիքի մայր է և քույր, սակայն ոչ երբեք` համայնքում ղեկավար կամ քաղաքական կուսակցության կենտրոնական անձ:

Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքում այսօր տեղի ունեցավ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի «Կանանց իրավունքները» թեմայով հերթական ուսուցումը Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների և համայնքների ավագանու անդամների (համայնքների ներկայացուցիչների) համար:

Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը եկել էր 6 ավագանու անդամների հետ` բոլորը տղամարդիկ: Միջոցառմանը ներկա էին նաև Ծաղկաշեն, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքներից երեք ավագանիներ, կրկին տղամարդիկ:

«Մեր համայնքներում ավագանի կանայք կան»,- Իրավաբան.net-ի թղթակցին հավաստիացրեց գյուղապետ Վանիկ Հարությունյանը, նա պարզաբանեց, որ Գանձակ համայնքի ավագանու կին անդամը զուգահեռ աշխատում է նաև դպրոցում, ուստի չի կարողացել մասնակցել սեմինարին: Փորձեցինք հստակեցնել, թե տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են կանայք ընդգրկված համայնքային աշխատանքներում, պարզվեց 20 տոկոս:

Այս մարզում կնոջը մեծարում են, բայց կանանց իրավունքների մասին ոչ միայն պատկերացում չունեն, այլ չեն էլ ուզում խոսել. «Մենք կնամեծար, մայրապաշտ ազգ ենք, էտ ածանցյալ երևույթները` գործատուն սա կասի, Եվրոպան սա կասի, աշխատանքային իրավունքներ և այլն, դրանք այլ բան են: Տիրույթներ կան, որ կինն, իհարկե, չպետք է լինի: Հիմա այդ կինը երեխա՞ պետք է ծնի, թե «պոլիտիկայով» զբաղվի»,- ասում է գյուղապետը` նրա հետ համաձայնվում են բոլոր ավագանու անդամները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավար Նելլի Հարությունյանը նշում է, որ այս իրավիճակը համատարած չէ, սակայն տոկոսային հարաբերակցությամբ մարզի բնակչության մեծ մասը կնոջը դիտարկում է որպես ընտանիքի մայր և տնային տնտեսուհի. «Բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց կնոջը չեն մեծարում: Ամեն դեպքում կան ընտանիքներ, որ ամուսինն ընդունում է, որ պետք է կինը աշխատի»,- նշեց տիկին Հարությունյանը:

Սեմինարի մասնակից կին անդամներն այլ խնդիր են բարձացնում` կնոջ դերը այս մարզում նվազում է սոցիալական վիճակից դրդված: «Բարեկամություն-ազգային փոքրամասնություն» ՀԿ նախագահ Սիրանուշ Մանուկյանը խոսեց ընտանեկան բռնությունների դեպքերից. «Կանանց բռնությունները գալիս են մարդկանց աղքատ վիճակից, չկա աշխատանք, ապրելամիջոց, երեխաների խնամք, որի արդյունքում ընտանիքում բռնություններ են լինում»:

«Սախրովի» անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունի մարզային մասնաճյուղի իրավաբան Մանուշ Նալբանդյանը աշխատանքային իրավունքների խախտումներ է նկատել մարզում. «Չէի ասի այդ խախտումները առնչվում են կանանց նկատմամբ աշխատանքային խտրականությանը, բայց հիմնականում հաստիքների ոչ հիմնավորված կրճումներ են լինում: Կանանց աշխատանքից ազատում են` ծանուցման ժամկետները չպահպանելով»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով` այստեղ կանանց իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է. «Եղել են դեպքեր, որ հղիության հիմքով անձը աշխատանքից ազատվել է, բայց հայցադիմումով, մեր օգնությամբ վերականգնվել է»,- նշեց մեր զրուցակիցը:

Կանանց իրավունքները պաշտպանելու համար նախ պետք է դրանք իմանալ, նշում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավար Նելլի Հարությունյանը: Նրա խոսքերով` սովորույթներն այս մարզում ավելի շատ են պահպանվել, քան թե մայրաքաղաքում. «Կանանց իրավունքների պաշտապնության գործում խոչընդոտ են տարբեր սովորույթներ: Օրինակ` կինը, որ ընտանիքում բռնության է ենթարկվում, ամոթխածությունը, ավանդույթները թույլ չեն տալիս, որ կինը դիմի իրավաբանին, փաստաբանի կամ թեկուզ հոգեբանի»,- նշեց տիկին Հարությունյանը:

Այսօրվա ուսուցման ընթացքում կանանց մասնակցությունն, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձը ներկայացրեց ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը: Նա խոսեց նաև կանանց մասնակցության հիմնախնդիրներին՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունում, ինչպես նաև ՏԻՄ-երի և ավագանու կազմում: Դասախոսությամբ հանդես եկավ՝ սեմինարի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտականությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:

Սեփականության իրավունքները ներկայացրեց ծրագրի իրավախորհրդատու Տաթևիկ Մանուկյանը: Նա հանդես եկավ նաև Կանանց վերարտադրողական առողջության իրավունքների, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդիրների մասին դասախոսությամբ:

Քննարկումները բավականին ակտիվ էին ընթանում, դասախոսության ընթացքում մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել