Կանանց ո՞ր իրավունքներն են խախտվում. ուսուցում Գավառ քաղաքում

«Չպետք է դանակը ոսկորին հասնի, որ կինը դիմի իրավաբանին` իր իրավունքները պաշտպանելու համար: Մենք պատրաստ ենք օգնել նրանց նույնիսկ առօրեական իրավական խնդիրների դեպքում»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավար Նելլի Հարությունյանը Գեղարքունիքի մարզի իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների համար  «Կանանց իրավունքները» թեմայով կազմակերպված ուսուցման ժամանակ:

Գավառում կազմակերպված ուսուցումն իրականացվեց «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և հայտնեց, որ ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

ՀԵԻԱ իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը խոսեց աշխատանքային ներպետական և միջազգային իրավական նորմերի մասին, ներկայացրեց ներկայումս առկա մտահոգող խնդիրները: Նրա խոսքով, այժմ չկան գործատուի դեմ դատարանում իրենց իրավունքները կիրարկել ցանկացող անհատներին վրեժխնդրությունից պաշտպանող դրույթներ: Կանայք իրավական պաշտպանություն չունեն նաև սեռական հետամտումների ենթարկվելու դեպքում, քանի որ սեռական հետամտումները իրավական խնդիր չեն համարվում:

ՀԵԻԱ իրավախորհրդատու Տաթևիկ Մանուկյանը ուսուցման մասնակիցներին ներկայացրեց կանանց սեփականության իրավունքները` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերի շրջանակներում: Նրա խոսքով, ներկայումս սեփականության իրավունքի խնդիրներ են առաջանում, երբ փաստացի ամուսնությունը չի գրանցվում, գրանցված ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը օտարվում է ամուսնու կողմից, ամուսինների չգրանցված եկամուտների դեպքում և այլն:

Նա ներկայացրեց նաև կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում իրավական խնդիրները:

Մարիամ Զադոյանը խոսեց նաև օրենսդիր, գործադիր, ՏԻ մարմիններում և դատական համակարգում կանանց մասնակցության խնդիրներից, դրանք կարգավորող իրավական ակտերի մասին: Նրա խոսքով, ներկայումս մտահոգող խնդիրներից է այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավանորմեր, որոնք կապահովեն համայնքներում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում (բացառությամբ Երևանի ավագանուց): Չկան նաև բիզնես ընկերությունների խորհուրդներում կանանց մասնակցությունն ապահովող իրավանորմեր:

Մ. Զադոյանը ներկայացրեց նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները`կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:

Մասնակիցները սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել