ՀՀ բնակիչների կողմից բանկ վճարված ավանդի գումարը ապահովում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 909–րդ հոդվածի համաձայն սահմանված իրավակարգավորմամբ, որի համաձայն` բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը:
Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու եղանակները սահմանվում են բանկային ավանդի պայմանագրով:
Բանկային ավանդի պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է ավանդատուին տեղեկատվություն տրամադրել ավանդի վերադարձի ապահովման մասին:
Օրենքով կամ բանկային ավանդի պայմանագրով նախատեսված ավանդը վերադարձնելու պարտականությունները բանկի կողմից չկատարելու, ինչպես նաև ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքերում ավանդատուն իրավունք ունի բանկից պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդը, սույն օրենսգրքի 906 հոդվածի 1-ին կետով սահմանված չափով վճարելու դրա տոկոսները և հատուցելու պատճառված վնասները, որի համաձայն դրանց չափը որոշվում է բանկային ավանդի մասին պայմանագրով, իսկ եթե պայմանագրով այն չի սահմանվել, ապա ելնելով կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի չափիս, որը ներկայումս կազմում է տարեկան 24 տոկոսը։
Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, ապա քաղաքացիական օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաև վերջիններիս սուբսիդիար պատասխանատվությամբ, այսինքն` եթե հիմնական պարտապանը (բանկը) հրաժարվի պարտատիրոջ (Ձեր) պահանջը բավարարելուց, կամ պարտատերը (Դուք) ողջամիտ ժամկետում չստանա նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին: