Ե՞րբ կարող են լսել ձեր հեռախոսային խոսակցությունները

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:

Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան:
Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ:

Խոսակցությունների լսումը և ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում` նախնական քննության ավարտից ոչ ուշ:

Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը` զննելու և լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու և ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը:

Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության` գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել