Ի՞նչ է անձի պաշտպանության իրավունքը

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:
(…)
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
(…)»:
Պաշտպանության իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է 2010 թվականի մարտի 26-ի Ն.Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «(…) ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, կասկածյալին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք» (տե´ս Նորիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):

Ն.Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ անդրադառնալով քրեական վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության խնդրին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) վարույթն իրականացնող մարմինը կասկածյալի ընտրած փաստաբանին ներգրավում է որպես պաշտպան: Այս դեպքում պաշտպանին վարույթ ներգրավելու հիմքը կասկածյալի ստորագրութամբ վավերացված փաստաթղթային հաստատումն է: Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի: ՀՀ փաստաբանների պալատի նշանակումից հետո պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը:

ՀՀ քրեադատավարական օրենքում նման պահանջի և ընթացակարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել կասկածյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ դրանով իսկ նպաստելով քրեական գործի արդարացի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև բացառել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր նախաձեռնությամբ որևէ մեկին որպես պաշտպան երաշխավորելը» (տե´ս Նորիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման 27-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալին և մեղադրյալին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջիններիս պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի ընտրությունը ոչ միայն իրավաբանական նշանակություն ունեցող ակտ է, այլ նաև ունի բարոյական նշանակություն, որի էությունը պաշտպանի և պաշտպանյալի միջև վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումն է:
ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված է «պաշտպանի անհատական հրավիրման սկզբունքը», որի խախտումը պետք է դիտել որպես կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ոտնահարում:

ՀԵԻԱ իրավախորհդատու Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել