Վետերան դատախազների միությունն արդեն նոր նախագահ ունի: Գրողների միության շենքում կազմակերպված ժողովի ժամանակ վետերան դատախազները (ովքեր արդեն դատախազական համակարգում չեն աշխատում, թոշակի են անցել) միաձայն նախագահ ընտրեցին միակ թեկնածու Էդուրադ Բաբայանին, ընտրեցին երկու նախագահի տեղակալ: Այնուհետև միաձայն ընտրեցին 10 հոգուց բաղկացած խորհրդին, երեք հոգուց բաղկացած վերահսկող հանձնաժողովին:
Ժողովին ներկա հայտնի դեմքերից էին Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, Արամ Ամիրզադյանը, Ժիրայր Խառատյանը և այլք:
Հնչող ելույթներից հասկացվում էր, որ վետերանները դժգոհ են, որ ժողովը կազմակերպվել է ոչ թե դատախազությունում, իրենց բնորոշմամբ, «իրենց տանը», այլ Գրողների միության շենքում:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե, ի վերջո, ինչու՞ է ժողովը Գրողների միությունում կազմակերպվել, և թե արդյո՞ք նախորդ ժողովները գլխավոր դատախազության շենքում են եղել, միության նորընտիր նախագահ Էդուարդ Բաբայանը պատասխանեց.
«Նախորդ տարվա ժողովներից ես տեղյակ չեմ, թեև անդամ եմ եղել, սակայն չեմ մասնակցել: Դե մեր միությունը երևի այնքան կենսունակ չի եղել կամ չի ունեցել ֆինանսական հնարավորություն` տեղ վարձակալու համար: Նախկին ղեկավարությունը ասաց, որ խնդրել են դատախազությունից, բայց չի ստացվել: Մենք էլ գրողների միությունում դահլիճ վարձակալեցինք»:
Է. Բաբայանը հույս հայտնեց, որ իրենց միությանը կաջակցեն թե գլխավոր դատախազությունից, թե այլ կառույցներ և գործարարներ, և գոնե մի սենյակ կտրամադրվի իրենց. «Այստեղ 30 տարուց ավելի դատախազական ստաժ ունեցող մարդիկ են, նրանց վաստակը մեծ է, մեզ մի սենյակ է պետք, շատ բան պետք չէ»:
Միությունը զբաղվելու է իր անդամների շահերի պաշտպանությամբ, պատրաստ են իրենց փորձով կիսվել, իրավական խորհրդատվություններ տալ, 300-ից ավել թոշակառու դատախազներին միավորել: