Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այսուհետ ավելի ակտիվորեն կզբաղվի կանանց իրավունքների իրազեկությամբ և պաշտպանությամբ՝ հատկապես ՀՀ մարզերում:
Այսօր՝ ապրիլի 14-ին՝ Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ֆիանսավորման դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել կանանց իրավունքների հարցերով իրազեկվածության և պաշտպանության մակարդակը: Մասնավորապես ՀԵԻԱ-ն կիրականացնի վերապատրաստման դասընթացներ իրավաբանների, իրավապաշտպանների, ՔՀԿ-ների և ՏԻՄ ներկայացուցիչների համար Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում ու վերոհիշյալ մարզերում բնակչությանը կմատուցի անվճար իրավաբանական օգնություն կանանց իրավունքների վերաբերյալ հարցերով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման վերաբերյալ իրավական մոնիթորինգ:
Համաձայնագիրն այսօր ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև:
Դեսպան Ռայներ Մորելին կարևորեց այս ծրագիրը, նա անգամ կատակեց՝ նշելով, որ կասկածում է, թե նման բազմաբնույթ և ծավալուն աշխատանքների համար կբավարարի դրամաշնորհը: Դեսպանը նաև խոսեց Հայաստանի մասին, նա ասաց. «Թվում է, թե Հայաստանը ավելի առաջադեմ է, քան կարելի էր մտածել: Եթե պարզապես՝ զբոսաշրջիկի հայացքով նայես, ամենուրեք տպավորված ես լինում: Մենք դիվանագետներս մեր աշխատանքի վայր հանդիսացող երկիրը փոխում ենք 3 տարին մեկ և տարբեր հասարակություններ ենք տեսնում, այնպես որ կարող ենք համեմատել հասարակությունների միջև նմանությունները: Կարող եմ ասել, որ շատ հասարակություններ կան, որ դեռևս չեն հասել այն աստիճանին, ինչ-որ դուք»:
ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտող հիմնական խնդիրները, նա խոսեց միջազգային իրավական փաստաթղթերից և Հայաստանի ստանձնած պարտավորություններից, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրից` ներկայացնելով ծրագրի բոլոր բաղադրիչների շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:
Համաձայնագրով նախատեսվում է շուրջ 33 հազար Եվրո տրամադրել ՀԵԻԱ-ին: Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2015 թվականի մայիսից և ավարտել 2015 թվականի հոկտեմբերին:
Գևորգ Թոսունյան