Ի՞նչ իրավական կրթություն են ստանում ներկայիս ոստիկանները՝ բողոքի ցույցերի ժամանակ հերթապահողներից մինչև ղեկավար կազմում աշխատողները: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան իրավագիտության ֆակուլտետը իր պատմությունը մեկնարկեց 1990 թվականից, այսօր, այս ֆակուլտետով է մեծապես պայմանավորված ոստիկանության աշխատող իրավագիտակցությունը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ Մանուկ Մուրադյանի հետ:
– Մի փոքր պատմեք կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մասին:
– Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պատմությունը մեկնարկում է 1990 թվականից: Անկախ պետության պայմաններում ոստիկանական բուհը սկսեց նաև իրավաբանական կրթություն տրամադրել: Այս պահին իրավագիտության ֆակուլտետի կազմում գործում են վեց ամբիոններ՝ պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի, քրեական իրավունքի և քրեաբանության, ոստիկանության վարչական գործունեության և վարչական իրավունքի, օպերատիվ հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության ամբիոնները: Ակադեմիան ունի համագործակցության պայմանագրեր տարբեր բուհերի հետ, այդ թվում՝ արտերկրի և ակտիվ կադրային փոխանակման և կադրային վերապատրաստման քաղաքականություն ենք իրականացնում:
– Ինչո՞վ է ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը տարբերվում մյուս կրթական հաստատությունների համանուն ֆակուլտետներից:
– Սկզբունքորեն չէի առանձնացնի, քանի որ մեծ տարբերություններ չկան: Դիպլոմի տեսակը իրավաբանի որակավորմամբ մյուս բուհերի նման է, պարզապես ի տարբերություն մյուս կրթական հաստատությունների՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները խնդիր ունեն հետագայում աշխատել ոստիկանական համակարգում: Մեզ մոտ շրջանավարտները ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք պիտանի են ապագա ոստիկանին` իր որակի բարելավման համար: Այսօր մեր բուհում դասավանդում են 30-ից ավելի գիտնականներ, որոնց մեծ մասը բուհի հիմնական աշխատողներն են: Վերջին 10 տարիների ընթացքում 40-50 ուսումնական գիտագործական ձեռնարկներ են հրատարակվել իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների կողմից:
– Իսկ դժվա՞ր չէ ոստիկանների հետ աշխատելը:
– Ոստիկանների հետ աշխատելը ավելի հեշտ է, քան մասնավոր բուհերում սովորական քաղաքացիների: Ոստիկանները ավելի զսպված են և երիտասարդական ավյունը համազգեստի մեջ այլ կերպ է դրսևորում:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրավաբանական կրթության որակը:
– Ես ինքս իմ հետբուհական կրթությունը ստացել եմ արտերկրում և կարծում եմ, որ տեսական մակարդակում խնդիրներ գոնե 4-5 բուհերի կտրվածքով չկան, սակայն առկա են բազմաթիվ ոչ պրոֆիլային բուհեր, որոնք իրականացնում են իրավաբանական կրթություն: Այն գիտնականները, ովքեր ունեն խորը գիտելիքներ, այդ բուհերում երբեք չեն դասավանդի, հետևաբար այդ բուհերում դասավանդում են ավելի ցածրորակ և պրոֆեսիոնալ դասախոսական փորձ չունեցող իրավաբաններ, ովքեր ավարտել են այս կամ այն իրավաբանական բուհերը: Այս փաստը հարվածում է պետության այն քաղաքականությանը, որը մենք անվանում ենք կրթական: Կրթությունը դինամիկ զարգացող գործընթաց է: Հարկավոր է շարժվել ժամանակի պահանջներին համապատասխան:
– Ի՞նչ խնդիրներ կան այսօր իրավաբանական կրթության ոլորտում:
– Այսօր մենք ունենք իրավական դաստիարակության խնդիրներ: Հնարավոր չէ առանց իրավական դաստիարակության ապահովել իրավական կրթություն: Ապագա իրավաբանը պետք է պատկերացնի, թե ինչ ասել է պաշտպանել մարդու հանրային սուբյեկտիվ իրավունքները և ինչ խնդիրներ են դրված իր առջև ու ինչպես պետք է հասնել դրանց լուծմանը: Խնդիրներ կան նաև բուհական համակարգից դուրս: Կրթական համակարգում կա տեսական և պրակտիկ հարթության համադրման պրոբլեմատիկա: Միգուցե տեսական դասավանդման իմաստով խնդիրներ չկան, բայց պրակտիկ դաշտում կան շատ խնդիրներ: Ամբողջ Եվրոպան և առաջատար բուհական համակարգերը էական շեշտադրում են անում պրակտիկ իրավաբանների պատրաստման վրա: Իրավական դաստիարակությունը և իրավաընկալման տեսակը բացառիկ կարևոր նշանակություն ունի իրավաբանի գործունեության մեջ: Մենք ունենք իրավունքի գերակայության պրոբլեմատիկա: Բացի այդ կան նաև մասնագետների խնդիրներ: Կարող են լինել գիտական բարձր մակարդակի գիտնականներ, բայց իրավական ճիշտ դաստիարակության և իրավաընկալման ճիշտ ձևի խնդիրը խանգարի նրանց հասցնել ապագա իրավաբանին այն մակարդակի, որը անհրաժեշտ է ներկա պահին:
– Ի՞նչ լուծումներ եք առաջարկում այդ խնդիրները լուծելու համար:
– Առաջին հերթին անհրաժեշտ է կրթական համակարգում համադրել պրակտիկ և տեսական գիտելիքները: Այսօր մեզ պետք են պրակտիկ իրավաբաններ, խնդիր լուծող իրավաբաններ: Միայն տեսական գիտելիքները շատ քիչ են: Պետք է դպրոցներում ներդնել իրավագիտական նվազագույն դաստիարակություն, որը կարող է ապագայում օգնել ոչ միայն այն անձանց ովքեր կորոշեն իրավաբան դառնալ, այլև ուրիշ մասնագիտություն ունեցող անձանց: Ճիշտ է՝ ոչ բոլոր դպրոցականները կորոշեն դառնալ իրավաբան, բայց ունենալով նվազագույն գիտելիքներ իրենք կկարողանան պահանջել իրենց իրավունքների իրացման ապահովումը: Պետք է իրականացնել վերահսկողական ճիշտ գործունեության կազմակերպում պատասխանատու գերատեսչությունների կողմից: Սրանք են այն բանալիները, որոնց միջոցով կարելի է լուծել այն խնդիրները, որոնք առկա են մեր իրավաբանական կրթական համակարգում:
– Արդյո՞ք ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը ավարտելով ուսանողները կկարողանան լավ իրավաբաններ դառնալ:
– Ցանկացած բուհի նպատակը լավ մասնագետներ պատրաստելն է: Եթե մեզ հաջողվի համադրել պրակտիկ և տեսական գիտելիքների գործընթացը, բուհը համալրել գիտական լավ տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող դասախոսներով և իրավաբաններով, ինչպես նաև վերանայել ժամանակի պահանջներին համապատասխան ուսումնագիտական նյութը, կարծում եմ՝ այո: Իրավագիտության ֆակուլտետը ամեն բան անում է այդ ուղղությամբ և այդ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Միայն այն հանգամանքը, որ տարբեր պետական օղակներում պաշտոններ են զբաղեցնում ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի նախկին ուսանողները, դա արդեն ցույց է տալիս թե ինչպիսի իրավաբաններ կարող են դառնալ բուհն ավարտած ուսանողները: Կարծում եմ, որ ուսանողների մեծ մասը կարող են պիտանի իրավաբաններ լինել:
– Առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր կան ֆակուլտետի գործունեության վերաբերյալ:
– Հնարավորինս ավելի զարգացնել և ընդլայնել ֆակուլտետը: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները ոչ միայն տեխնիկական բնույթի պետք է լինեն, այլ նաև գիտական և ուսումնական գործընթացի կատարելագործման ուղիներ պետք է լինեն:
Հարցազրույցը՝ Ելենա Արամյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
Դիպլոմն օժիտ չէ. «Գլաձոր» համալսարանի ռեկտոր
Մենք մեր հիմնական ակադեմիական գործը թողած, այսօր ոստիկան ենք աշխատում. Նորա Սարգսյան
«Նախ դեմք ձեռք բերել, այնուհետև` ներկայանալ». Ռուբեն Մելիքյան
Ո՞րն է Փաստաբանական դպրոցի թիվ 1 խնդիրը
ԳագիկՂազինյանը` իրավաբանության կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին