Գագիկ Ղազինյանը` իրավաբանական կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին

Իրավաբան.net-ը սկսում է «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» հատուկ նախագիծը: Շարքի առաջին հոդվածը նվիրված է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետին: Իրավաբան.net-ի զրուցակիցն է` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանն է:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի սրտով չէ ինչպես «կոռուպցիոն ռիսկեր» արտահայտությունը, այնպես էլ հենց կոռուպցիան ինքնին: Բայցև նա չբացառելով այդ երևույթի առկայության հնարավորությունը պնդում է, որ դրա չգոյության համար ներկայումս ֆակուլտետում ստեղծված են բարենպաստ պայմաններ: Կաշառակերությունից զատ, պարոն Ղազինյանը արատավոր է համարում գիտելիքների ստուգումնների ժամանակ ուսանողների կողմից տարբեր տեխնիկական միջոցների օգտագործումը: Ասում է` իր ղեկավարած ֆակուլտետում շատ կան խելամիտ, կրթված և աշխատասեր ուսանողներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր փորձում են դրական գնահատականներ ստանալ այնպիսի գերզարգացած սարքավորումներ օգնությամբ, որոնց կնախանձեր անգամ խորհրդային հայտնի ֆիլմի հերոսն, ում համար քննությունը միշտ էլ տոն է: Մանրամասները` հարցազրույցում:

Պարոն Ղազինյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայումս Հայաստանում իրավաբանական կրթության որակը:

Բազմաբևեռ հարց է, պատասխանը միանշանակ լինել չի կարող: Բոլոր դեպքերում ավելի լավին ձգտելու և կրթության որակը ավելի բարձրացնելու ցանկությամբ: Այն ինչ ունենք մեր իրավիճակի, մեր այսօրվա պայմաններին համապատասխան կարելի է բավարար համարել, սակայն մեր մասնագիտությունը և դրանով պայմանավորած իրավաբանական կրթությունն ամենադինամիկ զարգացողներից մեկն է, այդ պատճառով` բավարարվել ինչ-որ կայուն վիճակով, ուղղակի չի կարելի: Դրանով պայմանավորված, իհարկե, ֆակուլտետը իրավամբ համարվում է առաջատարը հանրապետությունում, սակայն ինչպես արդեն նշեցի, այն բարելավելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ բավականին գործ ունենք անելու:

Խնդրում եմ` առանձնացնել մի քանի խնդիրներ, որոնք առկա են իրավաբանական կրթության համակարգում: Ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում դրանք լուծել:

Եթե խորքային անդրադառնանք Ձեր հարցին, ապա շատ կցանկանայի, որպեսզի իրավաբանական կրթության հիմքերը դրվեն դեռևս դպրոցում: Այսինքն` հիմնախնդիրները միայն բարձրագույն կրթության համակարգի մեջ չէ: Իրավաբանական կրթությունը պետք է լինի շարունակական, սկսած հասարակության իրավական տեղեկացվածությունից և դաստիարակությունից, այնուհետև շարունակվի միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և իր տրամաբանական ավարտին հասնի իրավաբանական բարձրագույն կրթությամբ: Նշված բոլոր պայմանների առկայության դեպքում միայն կարող ենք խոսել լիարժեք, բարձրորակ իրավաբան կադրերի պատրաստման մասին:

Ի՞նչ խնդիրներ են առկա ներկայումս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Տասնամյակներ շարունակ` դեռևս խորհրդային տարիներին, իմ սերնդակիցներից և դրանից հետո, որևէ մեկը չէր կարող դժգոհել տեսական գիտելիքների պակասից, որ տրվում էին համալսարանում, մասնավորապես` մեր ֆակուլտետում: Սակայն բոլորս էլ կաղում էինք գործնական հմտությունների մասով, այսինքն` այդ գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ չունենալու կամ թերի ունենալու առումով: Ստացվում էր այնպես, որ պատրաստվում էին զուտ տեսաբաններ, այն դեպքում, երբ մեր հասարակությանը պետք էին առաջին հերթին պրակտիկ իրավաբաններ: Մյուս կողմից էլ արևմտյան իրավաբանական դպրոցներում նախապատվությունը տրվում էր զուտ պրակտիկ իրավաբանների պատրաստմանը, ինչը կարելի է ասել, մյուս ծայրահեղությունն է: Մենք այսօր ֆակուլտետում ոսկե միջինն ենք ընտրել` տեսական լավ որակներ ունեցող պրակտիկ իրավաբանների պատրաստում:

Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել կրթական դաշտում` բոլոնյան գործընթացի անցման փուլերում:

Առաջինը, անցումն է երկաստիճան կրթական համակարգի և դրանով պայմանավորված կրեդիտային համակարգի ներդրումը կրթական գործընթացում: Դրանով պայմանավորված, գիտելիքների և՛ դասավանդման, և՛ ստուգման ձևերն համապատասխանեցվում են նշված գործընթացին և իրականացվում են այլ ընթացակարգով: Պատկերավոր ասած, այս համակարգի պայմաններում ուսանողը ուսումնառության առաջին իսկ օրվանից գիտելիքների ստացմանը զուգահեռ դրանց ստուգման գործընթաց է անցնում:

Այսօր իրավաբանությունը մոդայիկ մասնագիտություն է, սակայն արդյոք աշխատաշուկան այսքան իրավաբանների պահանջարկ ունի՞:

Ես կասեի ոչ թե մոդայիկ է այն համարվում, այլ էլիտար, ընդ որում` միայն Հայաստանում չէ, այլ ողջ աշխարհում: Էլիտար են նաև տնտեսագիտությունը, բժշկագիտությունը, ինչը պայմանավորված է այդ մասնագիտությունների հասարակական պահանջով: Անգամ այս շարքում իրավագիտությունն ամենապահանջվածն է. չեք գտնի հասարակական կյանքի որևէ բնագավառ, որի կարգավորման համար իրավաբանի անհրաժեշտությունը չզգացվի: Սակայն կա արդյոք այդքա՞ն իրավաբանների պահանջարկ մեր հանրապետությունում: Համոզված եմ` այսօր էլ լավ իրավաբանների պակասը զգացվում է: Քանակը թող ձեզ չշփոթեցնի, որ միայն մեր բուհը տարին տալիս է միջինը 150 շրջանավարտ: Բոլոր դեպքերում` շուկան լավ մասնագետներով հագեցված չէ: Ներկայումս անգամ պետական կառույցներն են մրցույթային կարգով ընտրում աշատակիցների, էլ չենք խոսում մասնավոր ոլորտի մասին, սա չափազանց կարևոր խթան է, որպեսզի ուսանողները սովորեն գիտելիքի համար, այլ ոչ թե զուտ վկայականի: Լավ իրավաբանների կարիք միշտ էլ ունենալու ենք:

Ի՞նչ եք անում իրավագիտության զարգացման, ինչպես նաև երիտասարդ իրավաբան գիտնականների կրթության առումով:

Շատ կարևոր հարց է, դա ես կզուգակցեմ նաև ուսումնաօժանդակ բազայի պատրաստման հետ, որովհետև, վերջին հաշվով, նույն հետազոտական աշխատանքներն իրենց արտացոլումը գտնում են նաև ուսումնական նյութերի (դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր և այլն) պատրաստման ոլորտում: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության բարձրագույն կրթության իրավաբանական ուսումնական գրականության ճնշող մասը պատրաստվում է մեր ֆակուլտետի դասախոսների միջոցով և մեր ուսանողները ապահովված են բոլոր առարկաների գծով ուսումնական անհրաժեշտ գրականությամբ: Ինչ վերաբերում է հետազոտական աշխատանքներին, ապա պետք է արձանագրեմ, որ բավականին դժվար կացության մեջ ենք հայտնվել, չնայած այդպիսիք իրականացվում են: Եթե դրանց եզրափակիչ արդյունքը մենք դիտարկենք թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության առումով, ապա դրանք իհարկե անհամեմատելի են նախորդ ժամանակաշրջանի հետ: Միայն վերջին տարիներին ֆակուլտետի դասախոսների կողմից պաշտպանվել է մոտ 15 դոկտորական ատենախոսություն, ինչը աննախադեպ երևույթ է: Խորհդային տարիների ողջ ընթացքում, պաշտպանվել է ընդհամենը 10 դոկտորական ատենախոսություն, էլ չենք խոսում թեկնածուական ատենախոսությունների մասին: Սրանք բոլորը գիտական լուրջ հետազոտությունների արդյունք են: Ցավոք սրտի, բուհում աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը միայն չի բավարարում դասախոսին, որպեսզի նա զբաղվի լուրջ հետազոտական գործունեությամբ` իր դասախոսական աշխատանքին զուգահեռ, և դասախոսների ճնշող մեծամասնությունը ստիպված է համատեղել աշխատանքը բուհում` համալսարանից դուրս այլ մասնագիտական գործունեության հետ, ինչը բնականաբար չի կարող բացասաբար չանդրադառնալ նրա հետազոտական գործունեության արդյունքի վրա: Սակայն նույնիսկ այս պայմաններում մեր ֆակուլտետը, ինչպես արդեն նշեցի, հետազոտական գործունեության արդյունքներով անվիճելի առաջատարն է հանրապետությունում:

Ֆակուլտետում կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, եթե կան, ապա ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

Նախ ասեմ, որ այդ մոդայիկ բառը չեմ սիրում` «կոռուպցիոն ռիսկեր»: Երևույթը հասկանալի է` բուհերում արդյոք կա՞ կաշառակերություն: Ավելի ուղիղ է այսկերպ:

Ավելի կոպիտ է հնչում:

Դե, կոպիտ է, բայց իրականությանը համապատասխանող: Սկսեմ նրանից, որ եթե հասարակությունն ինքը նմանատիպ արատներով վարակված է, ինչը մենք չենք կարող ժխտել, ապա հասարակության որևէ օղակ չի կարող զերծ մնալ այդ արատավոր երևույթներից: Ես նման վիճակը համեմատում եմ անապատի հետ` անապատում եթե օազիս է ձևավորվում, այն ունի երկու ճանապարհ` կամ պետք է ընդլայնվի և ամբողջ անապատը դարձնի իր նման կանաչ, կամ պետք է ավազը գա և ծածկի այն: Օազիսը երկար չի կարող գոյատևել անապատում: Մենք նշված երկու ճանապարհներից բացի, այլ ելք չունենք: Իհարկե ցանկալի կլինի, որ հասարակությունը ինքն ամբողջությամբ ազատվի նման արատավոր երևույթներից: Չժխտելով հանդերձ ֆակուլտետում այդ երևույթի առկայության հնարավորությունը, կարող եմ նշել մի քանի հանգամանք, որոնք նպաստում ենք դրանց իսպառ վերացմանը: Առաջին, ինչպես արդեն նշեցի վերը, ֆակուլտետի դասախոսների ճնշող մեծամասնությունը համատեղում են բուհում աշխատանքը համալսարանից դուրս` այլ մասնագիտական գործունեության հետ, ինչպես պետական և մասնավոր տարբեր կառույցներում` բավականին բարձր կարգավիճակով և բարձր վարձատրությամբ, դրանով իսկ լուծելով իրենց սոցիալական խնդիրները: Երկրորդ հանգամանքը, որը լուրջ խոչընդոտ է Ձեր նշած առատավոր երևույթի առկայության համար, դա ֆակուլտետում գիտական խորհրդի որոշմամբ սահմանված գիտելիքների ստուգման կարգն է, ինչը ապահովելով այդ գործընթացի հրապարակայնությունը, թափանցիկությունը, նպաստում է գիտելիքների ստուգման օբյեկտիվությանը: Մասնավորապես, բանավոր ստուգումները (քննություն, ստուգարք) մեր ֆակուլտետում անց են կացվում պետական քննությունների նման` բոլոր ուսանողների ներկայությամբ, դասախոսի և ասիստենտի մասնակցությամբ, ինչը նվազագույնի է հասցնում սուբյեկտիվ վերաբերմունքը ուսանողի նկատմամբ: Գրավոր քննությունները, որպես կանոն, անց են կացվում խնդիրների ձևով, ինչը կոչված է նպաստելու ուսանողի մոտ վերլուծական, ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ այս կարգի ներդրումից հետո, իսպառ վերացել է ուսանողների դժգոհությունը ստուգումների սուբյեկտիվության առումով: Եթե քննությունները ինչ-ինչ պատճառներով (պատմական, տեսական բնույթ ունեցող առարկաներով) անց են կացվում տեսական հարցերի առաջադրման ձևով, ապա երբեմն հանդիպում ենք ուսանողների կողմից տարբեր տեխնիկական միջոցների (երբեմն գերժամանակակից) օգտագործմամբ գնահատական ստանալու փորձերի:

Իհարկե, հատուկ սարքեր կան, որոնք հեշտացնում են արտագրման գործընթացը: Իսկ դուք ինքներդ ականատե՞ս եղել եք նման երևույթի:

Այո, եղել են նման դեպքեր, որոնց դեմ համալսարանում լուրջ պայքար ենք նախաձեռնել: Մասնավորապես, կանոնակարգում նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի նման դեպքերում ուսանողի համար սահմանվում է խստագույն կարգապահական պատասխանատվություն` ընդհուպ մինչև համալսարանից հեռացում: Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը որոշակիորեն կնպաստի որպեսզի ուսանողները զերծ մնան նման անօրինական միջոցների օգտագործման գայթակղությունից:
Իրավաբան.net

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` Զաքար Իսկանդարյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել