Փաստաբանական դպրոցը հիմնվեց 2012 թվականին: Այն ստեղծվեց ֆրանսիական մոդելի հիման վրա: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել դպրոցում հիմնումից ի վեր և ի՞նչ խնդիրներ ունի ներկայումս այն: Այս և այլ հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ: Հարցազրույցն իրականացվում է «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» հատուկ նախագծի շրջանակներում:
Նախ, խնդրում ենք հակիրճ ներկայացնել դպրոցի պատմությոնը` առանձնանցնելով այն դրվագները, որոնք կարևոր էին դպրոցի զարգացման համար:
2012թ. Փաստաբանական դպրոցն արդեն գոյություն ունի և դպրոցի բուն նպատակն է կրթել ապագա փաստաբաններին և համապատասխան մասնագիտական գիտելիքներ տալ նրանց, ինչպես նաև գործող փաստաբաններին վերապատրաստել: Տարածաշրջանում Փաստաբանական դպրոցը որպես այդպիսին առաջին կառույցն էր ստեղծման ժամանակ, և Փաստաբանների պալատը, առհասարակ` մեր պետությունն այստեղ բավականին դրական զարգացում ունի` ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, որտեղ նմանատիպ կառույցներ չկան: Առհասարակ Եվրոպայի խորհուրդը մեծ հաջողություն է համարում ՀՀ Փաստաբանական դպրոցի հիմնումը: Այն ստեղծվեց Ֆրանսիայում արդեն վաղուց ի վեր գործող Փաստաբանական դպրոցի մոդելի հիման վրա, որդեգրվեցին այն բոլոր սկզբունքները, որոնք արդեն իսկ կիրառվում էին Ֆրանսիայում, անգամ հրավիրվեցին ֆրանսիացի մասնագետներ:
Ի՞նչ գործընթացներ են իրականացվել Փաստաբանական դպրոցում վերջին տարվա ընթացքում:
Մենք կատարել ենք որոշակի փոփոխություններ, մասնավորապես 2014թ. մայիս ամսից փոփոխեցինք ամբողջ ուսումնական պլանները:
Երկո՞ւ հոսքի բաժանելով:
Այո, նախկինում ուսումնական գործընթացը տարանջատված չէր ըստ ուղղվածությունների: Մենք ունեցանք հետևյալ իրավիճակը` ունկնդիրը, որպեսզի ընդունվի հանձնում է համապատասխան քննություններ, որոնք իրականացվում էին ըստ ուղղվածությունների, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ քաղաքացիաիրավական ուղղվածության ունկնդիրների քանակն ավելի մեծ էր, քան քրեաիրավականինը: Ընդհանուր հոսքի ճնշման ներքո քրեաիրավական ունկնդիրների ընդունելություն քիչ էր տեղի ունենում, օրինակ` անցյալ տարի մենք ունցել ենք 10-14 ունկնդիր: Ուսումնական պլաններն էլ կառուցված էր ավելի շատ քաղիրավական ուղղվածությամբ: Ի վերջո, ավարտելով դպրոցը անձը հանձնում է որակավորման քննություններ, որոնք նույնպես իրականացվում են ըստ ուղղվածությունների, այստեղ նույնպես խնդիր էր առաջանում: Այսինքն` մուտքն ու ելքը մեզ մոտ ուղղվածությամբ էր, իսկ ուսուցումն` ընդհանուր, որն այնքան էլ արդարացի չէր: Կատարելով հետազոտություն` մենք որոշեցինք դպրոցում իրականացնել մասնագիտացված ուսուցում, այսինքն` քաղիրավական ուսուցումն առանձին, քրեաիրավականն` առանձին:
Արդարացնո՞ւմ է այս մոդելն իրեն:
Բնականաբար, ասեմ ավելին` որպեսզի մեզ մոտ քրեիրավական ուղղվածությունը չտուժեր, մենք դրա ընդունելությունը հայտարարեցինք առանձին պայմաններով` նշանակելով տարբեր անցողիկ շեմեր երկու ուղղվածությունների համար:
Այլ ի՞նչ բարեփոխումներ են ձեռնարկվել:
Բացի այդ, մենք ուսումնական պլաններն ավելի կատարելագործեցինք: Նախատեսեցինք մոտավորապես ընդհանուր դասընթացների 30-35 տոկոսի կամընտրության հնարավորություն, նախկինում այդպես չէր: Կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ դպրոցում ստեղծվեց հեռավար ուսուցման հարթակ: Այս տարի 10-12 ունկնդիր ունենք արդեն հեռավար կարգով սովորող: Արդյունքում մարզերից ուսանողներն ընդունվեցին հեռավար կարգով, դասընթացներն օնլայն են հեռարձակվում, ունկնդիրը մասնակցում է դրանց:
Տվյալ պարագայում մի մտահոգություն կա, որ նման մեթոդներով ունկնդիրը դասախոսին չի մատուցի այն գիտելինքները, որ ունի, առավել ևս, որ վերահսկողական մեխանիզմներ չկան:
Դպրոցում առհասարակ գիտելիքների ստուգման մեխանիզմ չի եղել, ստուգումը թողնվել է վերջում, այսինքն` որակավորման քննությունների շրջանակներում: Մեխանիզմներից կարևորը, որ փոխեցինք` ընթացիկ ստուգումներն են: Սա արվում է միայն մեր և ունկնդրի համար, որպեսզի նա էլ հասկանա, արդյոք սովորեց ու ընկալեց այդ գիտելիքը, թե` ոչ:
Ընդունելության գործընթացի մասին կուզեի խոսենք` այս վերջինը ծավալային առումով աննախադեպ էր, այդպե՞ս չէ:
Այո, մեզ այսօր ուրախացնում է այն, որ մենք ունենք իրավաբանների շրջանում մեծ հոսք դեպի փաստաբանություն, դա էլ հանգեցնում է նրան, որ մեզ մոտ ընդունելության գնահատականների շեմը բարձրանում է: Կարծես թե հասարակության մեջ փաստաբանի ինստիտուտի նկատմամբ ձևավորվում է հարգանք: Ինչու եմ դա ասում, որովհետև շատ մեծ հոսք ունենք նաև նախկինում պետական մարմիններում աշխատող իրավաբանների շրջանում` քննչական ծառայությունից և դատական համակարգից: Սա դրական արդյունք է, սա նաև Փաստաբանների պալատի ու դպրոցի արդյունավետ համագործակցության արդյունքն է:
Իսկ ի՞նչ խնդիրներ են ծառացել դպրոցի առջև:
Հեռավար ուսուցում:
Միա՞յն դա:
Ոչ, մենք ունենք որոշակի տեսլական հետագայի համար: Դրանցից մեկն էլ այն է, որ ունենանք կատարյալ հեռավար ուսուցման հարթակ: Մենք ունենք որոշակի քայլեր, համագործակցում ենք Համաշխարհային բանկի հետ, որն էլ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում 130 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է հատկացվելու Արդարադատության նախարարությանը, որպեսզի դպրոցում ներդրվի հեռավար ուսուցման հարթակ: Այն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն իրականում լուրջ մեխանիզմ է, որտեղ նախատեսվում է յուրաքանչյուր դասընթացի կատարելագործում, համապատասխան նյութի առկայություն և օնլայն ուսուցում:
Ժամկետներ կա՞ն:
Այո, հաջորդ տարի պետք է ունենանք: Այս պահին արդեն իսկ ծրագրային փաթեթի ստեղծման շուրջ զբաղվում է համապատասխան կազմակերպություն, այնուհետև մեր մասնագետները կմասնակցեն կոնկրետ դասընթացների մշակմանը: Ես նաև չխոսեցի այն մասին, որ դպրոց այս տարի առաջին անգամ ընդունվեցին հատուկ կատեգորիայի դիմորդներ, որոնք դպրոց ընդունվեցին առանց ընդունելության քննությունների: Այդ անձիք տաս տարվա համապատասխան ստաժ ունեցող դատավորները, դատախազներն ու փաստաբաններն են, ինչպես նաև իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձիք: Բավականին հետաքրքիր արդյունք տվեց այս քայլը: Կարող է մեկնաբանվել, որ խտրական վերաբերմունք է: Ոչ, մենք այդ տեսանկյունից չէինք նայում, մեր խնդիրն էր այդ անձանց ներգրավվել փաստաբանության մեջ: Փաստաբանական համայնքը միայն կշահի նման անձանց ներգրավումով: Մենք ելանք այն կանխավարկածից, որ տվյալ անձըն ունենալով տասը տարվա ստաժ, տիրապետում է նաև դպրոցում սովորելու մուտքային գիտելիքներին:
Հարցարզրույցը վարեց Գևորգ Թոսունյանը
Կարդացեք նաև` Գագիկ Ղազինյանը` իրավաբանության կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին