Պետական մարմինների ներկայացուցիչները հաճախ մեզանից երիտասարդ և գիտակ կադրեր են խնդրում. Արմեն Եզեկյան

Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնը շուրջ 13 տարի  ոլորտում իրականացնում է իրավաբանական կրթություն: «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» շարքի շրջանակներում  Իրավաբան.net-ը զրուցել է ՊԿԱ Իրավագիտության ամբիոնի վարիչ  դոցենտ Արմեն Եզեկյանի հետ:  Մեր զրուցակցի  խոսքով ակադեմիան այն եզակի կառույցներից է, որը կարողանում է ապահովել որակյալ  կրթություն և պատրաստել  բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրեր: Բացի այդ, շրջանավարտները հնարավորություն են ունենում աշխատանքի անցնելու նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Աժ-ում  և մասնավոր ոլորտներում:

-Պարոն Եզեկյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնել Կառավարման ակադեմիայի Իրավագիտության ամբիոնը և նշել այն առավելությունը, որի համար մագիստրոսը պետք է հենց Ձեզ դիմի:

-Նախ կուզենայի նշել, որ Կառավարման ակադեմիան այսօր ՀՀ-ում գործող այն եզակի բուհերից  է, որն իր որդեգրած սկզբունքների համաձայն կարողանում է որակյալ կրթություն ապահովել իր մագիստրանտների համար: Այդ գործընթացում կարևոր դեր է կատարում Իրավագիտության ամբիոնը: Լավ կադրեր ունենալու համար նախ պետք է որակյալ դասախոսական կազմ ունենալ: Մեր ամբիոնում դասավանդում են ճանաչված պրոֆեսորներ,  դոկտորներ, նախարարներ, Սահմանադրական դատարանի անդամներ: Այս գործընթացում կարևորել ենք նաև մագիստրոսական ծրագրերը, որոնք ամեն տարի թարմացվում են և համապատասխանեցվում ժամանակի պահանջներին: Այնպես ենք արել, որ մագիստրանտը մաքսիմալ շատ գիտելիքներ քաղի դասապրոցեսից: Բացի այդ, ամբողջ հանրապետության տարածքում Կառավարման ակադեմիան միակ բուհն է, որը անվճար սովորող ուսանողներին  ապահովում է կրթաթոշակով` շուրջ 50 հազար դրամ:

 –Ի՞նչ ծրագրերով և կանոնակարգելով է աշխատում ամբիոնը:

-Ցանկացած բուհ, այդ թվում մեր ակադեմիան, ունի կանոնակարգեր, որոնցով առաջնորդվում է: Հստակ սահմանված են ամբիոնի վարիչի և աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները: Ամբիոնը պարբերաբար հրավիրում է նիստեր, որի ընթացքում քննարկվում են առկա խնդիրները, տրվում են համապատասխան գնահատականներ և լուծման մեխանիզմներ մշակվում: Իսկ եթե այդ խնդիրները պահանջում են վերադաս մարմինների միջամտություն, ապա մենք դրանք ներկայացնում ենք գիտական խորհրդին: Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ մեզ մոտ շուտով պատրաստվելու է փաստաթուղթ, որը վերաբերելու է յուրաքանչյուր պաշտոնատար անձի նկարագրին:  Այն մանրակրկիտ ներկայացնելու է տվյալ պաշտոնում աշխատող անձի պարտականությունների, իրավունքների և հնարավորությունների շրջանակները:

-Ընդունելության ի՞նչ կարգ է գործում  իրավագիտության մասնագիտության համար:

-Ըստ էության նախատեսված է չորս քննություն. մասնագիտական առարկա, օտար լեզու, ինֆորմատիկա և հարցազրույց, որն էլ անցկացվում է երկու փուլով` բանավոր և գրավոր: Այս ամենը արված է նրա համար, որպեսզի ընդունենք այն ուսանողներին, ովքեր իսկապես ցանկություն ունեն սովորելու և իրավաբան դառնալու: Ասեմ ավելին` իրավագիտություն մասնագիտությամբ կարող են  ընդունվել բացառապես  իրավաբանի  որակավորում ունեցող բակալավրները և հանրային կառավարման մասնագետները: Մյուս մասնագիտությունների դեպքում ընդունելություն չկա:

Պրն. Եզեկյան ինձ հետաքրքրում է` ձեր  կողմից ի՞նչ  քայլեր են ձեռնարկվում  միջազգային իրավունքի մասնագետների ձևավորման  ուղղությամբ

– Մենք նեղ միջազգային իրավունքի մասնագետներ չենք պատրաստում, ունենք միջազգային իրավունքի առարկա, որը դասավանդում է հանրապետության լավագույն մասնագետներից մեկը: Մեզ մոտ նեղ մասնագիտական բաշխում չկա, ու հիմնական մեր շեշտադրումը կատարված է պետական ոլորտում իրավագետներ պատրաստելուն: Բայց ունենք շատ լավ կադրեր, որոնք իրենց նեղ աշխատանքային գործունեությունը շարունակում են մասնավոր իրավունքի ոլորտում, բանկային համակարգում, ապահովագրական ընկերություններում և այլն:

-Խնդրում եմ ասել  ամբիոնը  միջազգային մասնագետների հետ համագործակցո՞ւմ  է  և   ի՞նչ ծրագրեր է  իրականացնում:

-Մենք շատ ենք կարևորում միջազգային մասնագետների հետ մեր համագործակցությունը: Ձգտում ենք որքան հնարավոր է շատ կազմակերպել նրանց մասնակցությամբ դասընթացներ: Միայն անցած տարի ՌԴ-ից, ԱՄՆ-ից 4 բավական հեղինակավոր մասնագետներ հրավիրված էին դասախոսություններ կարդալու մեր մագիստրոսների համար:

-Ուսման ավարտից հետո ի՞նչ  հնարավորություններ են ընձեռնվում ուսանողներին: Ակադեմիայի կողմից արտասահմանում կրթությունը շարունակելու համար միջոցառումներ ձեռնարկվո՞ւմ են:

-Նախ ասեմ, որ մինչև ավարտելն էլ ակադեմիան ջանք չի խնայում, որպեսզի կարողանա ուսանողների համար պրակտիկա կազմակերպել արտերկրում: Ամեն տարի որոշակի քանակությամբ ուսանողներ բացարձակ անվճար պրակտիկա են անցկացնում Ֆրանսիայում, Լիբանանում և այլ երկրներում: Իհարկե, այդ ուսանողների քանակը այնքան էլ շատ չէ, բայց մենք փորձում ենք ձեռք բերել նոր համագործակցություն, որպեսզի ավելի շատ ուսանողների ընձեռենք այդ հնարավորությունը:

Ինչ վերաբերում է աշխատանքին, ասեմ, որ մենք չենք կարող նրանց աշխատանքով ապահովել, բայց ունենք կապեր որոշ պետական մարմինների հետ: Մենք ունենք մագիստրանտներ, որ աշխատանքի են անցել նախագահի աշխատակազմում, կառավարությունում, ԱԺ-ում, Արդարադատության նախարարությունում: Այսինքն` մեր գործատուները քաջ գիտակցում են, որ Կառավարման ակադեմիան այն եզակի բուհերից է, որտեղ ավարտած մագիստրոսը կարող է մրցել իր գիտելիքներով և փորձառությամբ:

-Ըստ Ձեզ ` ո՞րն է այսօր  Իրավագիտության ամբիոնում առկա ամենամեծ խնդիրը:

-Խնդիրներից որպես այդպիսին` կառանձնացնեմ ուսանողների քանակը, որը զգալիորեն նվազել է նախորդ տարիների հետ համեմատած` չնայած Իրավագիտության ամբիոնում այդ նվազումը այնքան չի նկատվում, որքան մյուսներում: Բայց կարծում եմ, որ այն համընդհանուր խնդիր է, քանի որ այսօր ուսանողական տարիքի հասած երիտասարդների մեծ արտահոսք կա: Հույս ունենք՝  այս երևույթը ժամանակավոր է և հաղթահարելի:

-Պրն. Եզեկյան, նշվում է, որ կրթական համակարգը ամենակոռումպացված ոլորտներից մեկն է. ամբիոնը ի՞նչ մեխանիզմներով է պայքարում դրա դեմ: 

– Ամբողջ ակադեմիայի անունից վստահորեն կարող եմ ասել, որ որդեգրել ենք մի ճանապարհ, որտեղ բացառվել են կոռուպցիոն մեխանիզմները, որոնք, ցավոք, որոշ բուհերում նկատվում են: Մենք փորձում ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սկզբունքորեն դեմ են այդ երևույթին: Ունենք լրացուցիչ վերահսկող մեխանիզմներ` լսարաններում և միջանցքներում տեղադրված են տեսախցիկներ և տեղեկատվական այլ միջոցներ, որոնք բացառում են որևէ կոռուպցիոն երևույթների վտանգը: Այս մեխանիզմները կարևոր խթան են դասապրոցեսին կազմակերպման համար: Այսինքն` մենք գտնվում ենք այնպիսի միջավայրում, որտեղ օբյեկտիվություն  ապահովելով հնարավոր է հասնել ուսումնառության ընթացքում մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Կարծում ենք, որ մոտ ապագայում Կառավարման  ակադեմիան էլ  կզբաղեցնի այն տեղն ու դիրքը, ինչպիսիք նմանատիպ ակադեմիաներն են իրենց երկրներում:

Հարցազրույցը` Լաուրա Մամյանի

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Այս շարքի մյուս հարցազրույցներն են`

«Կրթությունը դինամիկ զարգացող գործընթաց է». Մանուկ Մուրադյան

Դիպլոմն օժիտ չէ. «Գլաձոր» համալսարանի ռեկտոր

Մենք մեր հիմնական ակադեմիական գործը թողած, այսօր ոստիկան ենք աշխատում. Նորա Սարգսյան 

Ի՞նչ պատասխան է տալիս Լարիսա Ալավերդյան նուսանողին բարձր գնահատական նշանակելու խնդրանքով դիմող պաշտոնյաներին

«Նախ դեմք ձեռք բերել, այնուհետև` ներկայանալ». Ռուբեն Մելիքյան

Ո՞րն է Փաստաբանական դպրոցի թիվ 1 խնդիրը

ԳագիկՂազինյանը` իրավաբանության կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել