25 տարի շարունակ իրավաբանական կրթություն իրականացնող «Գլաձոր» համալսարանի շրջանավարտների թվում են ճանաչված փաստաբաններ, դատավորներ, կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք: «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» հատուկ նախագծի շրջանակներում Իրավաբան.net-ը զրուցեց «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանի հետ: Վերջինս նշում է, թե այսօր աշխարհի լավագույն բուհերը մասնավոր բուհերն են, այնինչ` հայկական իրականությունում դեռևս տարանջատում են մասնավոր ու պետական բուհերը, փորձում վարկաբեկել մասնավոր բուհերի հեղինակությունը:
-Պարոն Ջհանգիրյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնել ձեր իրավաբանական ֆակուլտետը, ծրագրերը:
-Մենք իրավագիտության ֆակուլտետը բացել ենք համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից` 1990 թվականին: Արդեն 25 տարի է, ինչ մենք տալիս ենք իրավագիտության գծով շրջանավարտներ, որոնք, կարծում եմ, իրենց արժանի տեղն են գտնում այսօրվա իրավական համակարգում և սա վկայում է այն մասին, որ մեր իրավաբանության ֆակուլտետում տված գիտելիքները այսօրվա պահանջարկին բավարարում են: Որպեսզի ասածս դատարկ չհնչի, նշեմ, որ մեր շրջանավարտներից 12-ը իրավաբանական գիտության թեկնածու են, շուտով կունենանք նաև իրավագիտության դոկտոր, մեր շրջանավարտներից եղել է արդարադատության նախարար (Հրայր Թովմասյան), արդարադատության առաջին փոխնախարար ունենք (Արսեն Մկրտչյան), 5 դատավոր, ճանաչված փաստաբաններ, նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Մեր շրջանավարտները աշխատում են նաև դատախազության, ազգային անվտանգության ծառայության և այլ ոլորտներում:
Իրավագիտության կրթության վերաբերյալ մենք ունենք ուրույն պատկերացում և ուրույն պահանջներ: Իմ պատկերացրած իրավաբանը պետք է լինի բարոյական և կրթական բարձր արժեհամակարգով անձնավորություն: Բավական է միայն հիշել, որ ցանկացած իրավաբան գործ ունի մարդկային կյանքի հետ, հետևաբար, պետք է հարգի այդ մարդու կյանքի իրավունքը: Եվ մեր ամբողջ գործունեությունը միտված է մեր առջև դրված նպատակների իրականցմանը:
Այսօր «Գլաձոր» համալսարանը իրականացնում է երեք կրթական ծրագիր` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Մենք առաջին բուհերից մեկն ենք որ անցել ենք կրթական եռաստիճան համակարգին, որը հնարավորություն է տալիս իրավաբանության ֆակուլտետ ընդունված ուսանողներին սկսել և շարունակել կրթությունը «Գլաձոր»-ում:
-Իսկ որո՞նք են ձեր բուհի իրավագիտության ֆակուլտետի առանձնահատկությունները: Ինչու՞ պետք է դիմորդը ընտրի հենց ձեր բուհը:
-Իմ կարծիքով, ցանկացած բուհի դեպքում կարևոր է, թե ինչքանով է տրված կրթությունը, իրական, ինչքանով է տալիս ռեալ գիտելիքներ և ինչքանով է նպաստում իր շրջանավարտին այդ գիտելիքները իրացնելու: Այս տեսանկյունից «Գլաձոր» համալսարանը ունի իր առանձնահատկությունը. մենք կողմնակից ենք, որ պետք է պատրաստել բազմակողմանի զարգացած իրավաբան, ինձ համար ընդունելի չէ, որ իրավաբանը տիրապետի իրավունքի միայն մեկ ճյուղի:
Մյուս կողմից այսօր կյանքը ցույց է տալիս, որ միայն տեսական գիտելիքներ ունենալը քիչ է, դրանք պետք է լրացնել պրակտիկ փորձով: «Գլաձոր» համալսարանում ստեղծել ենք իրավաբանական կլինիկա, որտեղ մեր ուսանողները տարբեր առարկաների գծով հաճախակի կազմակերպում են դատական նիստեր` իրական դատավարության բոլոր նորմերին համապատասխան: Որոշել ենք նաև կրթական ծրագրում պրակտիկայի մասը ավելացնել, այս տարվանից սկսած պրակտիկան չորս տարվա կրթության ընթացքում ոչ թե մեկ, այլ երկու անգամ կկազմակերպվի:
Մեկ այլ առանձնահատկություն. 1990 թվականին երբ համալսարանը ստեղծեց, մենք տալիս էինք դիպլոմ, որտեղ նշվում էր «իրավաբան` օտար լեզվի իմացությամբ»: Այսինքն, մենք դեռևս այն ժամանակ գիտակցում էինք, թե որքան արժեքավոր է մասնագետի համար օտար լեզվի իմացությունը: Այսօր էլ օտար լեզու անցնում ենք ուսման բոլոր տարիների ընթացքում և փորձում ենք, որ մեր շրջանավատը տիրապետի օտար լեզվի: Իրավաբանները հիմնականում երեք լեզուներից մեկն են ընտրում` կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, այսինքն այն լեզուն, որն անցել են դպրոցում:
-Նշվում է, որ կրթական համակարգը ամենակառումպացվածներից մեկն է, դուք ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ:
-Բուհում կաշառք կա, թե` չէ, պայմանավորված է այդ բուհի ղեկավարության գործունեությամբ: Ես հայտարարում եմ, որ մեր բուհում կաշառք չի եղել ու չի լինի: Սա վճարովի ուսումնական հաստատություն է, և նորմալ մարդը վճարում է սովորելու համար: Եթե կան աննորմալներ, պիտի վճարեն ու չսովորեն ու հետո նորից վճարեն, որ իրենց գնահատական դնեն, ապա նրանց համար մենք տեղ չունենք: Տունը մաքուր է, երբ մաքրում են, «Գլաձորը» նույնպես ընտանիք է:
-Այնուամենայնիվ, դեպքեր չե՞ն եղել:
-Այդպիսի երկու դեպք է եղել, մոտ քսան տարի առաջ, երբ «Գլաձորը» նոր էր ստեղծվել: Առաջին անգամ «Համակարգչային գիտելիքներ» առարկայի դասվանդողը նման բանի փորձ էր արել, և տնտեսագիտական ինչ-որ առարկայի դասախոս էր էդպիսի «թամահ» արել: Երկու դեպքում էլ հարցը արագ լուծվեց, և նրանք հաջորդ օրը լսարան չմտան: Եվ ուսանողն էլ գիտի, որ «Գլաձոր»-ում նման բանը բացառված է: Իրավաբանական ֆակուլտետում առաջին կուրսում կրթական ծրագիրը սկսվում է իմ դասավանդած «Պետության և իրավունքի տեսություն» առարկայով, հենց առաջին օրը ես ուսանողությանը բացատրում եմ, որ «Գլաձոր» համալսարանում նման բաներ չկան:
-Ի՞նչ խորհուրդ կտաք իրավաբան դառնալ ցանկացող դիմորդներին և սկսնակ իրավաբաններին:
-Բոլոր ժամանակներում ինձ համար նշանակություն է ունեցել միայն գիտելիքը և ոչ մի կոպեկի արժեք չունի այն, թե նա որտեղ, որ բուհում է ձեռք բերել այդ գիտելիքը: Իմ խորհուրդն այն է, որ պետք է սովորել այնտեղ, որտեղ կարող ես ստանալ ռեալ գիտելիքներ, որտեղից դուրս կգաս բարձր բարոյական արժեհամակարգով մարդ, այլ ոչ թե այնտեղ, որտեղից միայն դիպլոմ կստանաս: Դիպլոմն օժիտ չէ, դիպլոմն ընդամենը պետք է համապատասխանի մարդու ստացած գիտելիքներին:
Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
Մենք մեր հիմնական ակադեմիական գործը թողած, այսօր ոստիկան ենք աշխատում. Նորա Սարգսյան
«Նախ դեմք ձեռք բերել, այնուհետև` ներկայանալ». Ռուբեն Մելիքյան
Ո՞րն է Փաստաբանական դպրոցի թիվ 1 խնդիրը
ԳագիկՂազինյանը` իրավաբանության կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին