Մենք մեր հիմնական ակադեմիական գործը թողած, այսօր ոստիկան ենք աշխատում. Նորա Սարգսյան

Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի «Իրավունքի» ամբիոնի վարիչ, Իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական համակարգող Նորա Սարգսյանը նշում է, որ այսօր ֆակուլտետի և ընդհանրապես բուհի առջև ծառացած լրջագույն խնդիրը կոռուպցիան չէ, այս մասին խոսելն այս բուհում անգամ ավելորդ է: Կա ավելի արդիական և մտահոգիչ խնդիր: Ի՞նչ կրթություն է տալիս այս ֆակուլտետը ուսանողներին, ի՞նչն է այսօր կոռուպցիայից ավելի մտահոգիչ և ինչո՞ւ է ֆակուլտետը մի կողմից պայքարում կրթական որակի բարձրացման համար, իսկ մյուս կողմից հանդիպում դիմադրության: Մանրամասները` «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» հատուկ նախագծի հերթական հարցազրույցում:

Տիկին Սարգսյան, խնդրում եմ հակիրճ նկարագրել ֆակուլտետը:

Նախ` համալսարանի մասին, այն ինքնին հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն օրինակներից է: Համալսարանը իր ակադեմիական ռեսուրսները ու ներուժը կենտրոնացրել է 4 մասնագիտությունների ուղղությամբ` իրավագիտություն, կառավարում, մարքեթինգ, բանկային գործ և ապահովագրություն: Ամեն ֆակուլտետ ունի մի ամբիոն: Օրինակ` իրավունքի ֆակուլտետն ունի իրավունքի ամբիոն, այն համակարգում է բոլոր դասախոսների աշխատանքը, իսկ ֆակուլտետի այսպես ասած` ղեկավարը, կոչվում է ամբիոնի վարիչ կամ ֆակուլտետի մանկավարժական համակարգող: Չունենք դասական «ամբիոն» հասկացությունը, հետևաբար` ամբիոնի վարիչը համահունչ է դեկանին: Համալսարանը հիմնադրամ է, որի հիմնադիրներն են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները’ ի դեմս ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերի նախարարությունների, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության: Համալսարանում ուսումնառության արդյունքում, ուսանողները ստանում են երկու տեսակի՝ հայկական և ֆրանսիական ազգային դիպլոմներ` հայկական Բակալավրի, ինչպես նաև ֆրանսիական Licence–ի պետական դիպլոմ՝ տրված իր ակադեմիական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կողմից, իսկ մագիստրոսական ծրագիրը ավարտելուց հետո՝ համապատասխանաբար հայկական Մագիստրոսի, ինչպես նաև ֆրանսիական Master – ի պետական դիպլոմներ: Նշենք նաև, որ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն առաջատար բուհերից է այդ երկրում, այդ թվում նաև` բուհի իրավաբանական ֆակուլտետը մեծ հեղինակություն է վայելում: Մեր ֆակուլտետում մշտապես ունենում ենք դասախոսներ, որոնք Ֆրանսիայի գործընկեր համալսարանի գալիս են և դասավանդում մեր բուհում: Երրորդ կուրսից սկսած` ամեն տարի մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսը ներառյալ, յուրաքանչյուր կուրսում առնվազն 4 ֆրանսիացի դասախոս ենք հյուրընկալում բուհում, որոնք ֆրանսերեն լեզվով դասավանդում են ուսանողներին:

Իրավունքի ո՞ր բնագավառում է իրավաբաններ պատրաստում ձեր ֆակուլտետը:

ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետն ունի որոշակի մասնագիտացում, իհարկե, այն շատ ընդգծված չի բակալավրիատում, որովհետև բակալավրիատում հիմնականում տրվում է առավել ընդհանուր իրավաբանական կրթություն և դասավանդվում են բոլոր բազային իրավաբանական առարկաները: Իսկ մագիստրատուրան ունի հստակ ուղղվածություն` միջազգային առևտրային իրավունքի մագիստրոս: Հենց հաշվի առնելով մագիստրոսական ծրագրի ուղղվածությունը, կրթության շարունակականության տեսանկյունից, մենք այնպես ենք կազմակերպում բակալավրիատում ուսուցումը, որ առավել շատ շեշտադրում կատարվի մասնավոր իրավունքի ոլորտի առարկաների վրա՝ քաղաքացիական, բանկային, ձեռնարկատիրական, հարկային իրավունք և այլն:

Ինչպե՞ս են անցկացվում ընդունելության քննությունները:

Մեր համալսարանն ունի ընդունելության քննությունների իր ուրույն ընթացակարգը: Դրանք նույն եղանակով չեն իրականացվում, ինչպես մյուս համալսարաններում: Մեր ֆակուլտետ ընդունելության առանձնահատկություններից է նաև այն, որ ի տարբերություն մյուս բուհերի, ՀՖՀՀ-ն այն բացառիկ ուսումնական հաստատությունն է, որտեղ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու համար հարկավոր է քննություն հանձնել իրավունքի հիմունքներ առարկայից: Այսինքն` ուսանողին ընտրելիս մենք նրանց իրավաբանական գիտելիքներն ենք ստուգում` հիմք ընդունելով դպրոցի դասագիրքը` հասարակագիտության առարկայից: Երբ դիմորդը մտնում է բուհ, նա արդեն իսկ որոշակի պատկերացում ունի իրավաբանի մասնագիտությունից և իրավունքի ոլորտում բազային գիտելիքների է տիրապետում: Դա բավական օգնում է ուսանողներին առաջին կուրսում հունի մեջ ընկնել և մասնգիտական առարկաներ ուսանել:

Ո՞րն է Ձեր ֆակուլտետի առանձնահատկությունը:

Կան որոշակի լավ ավանդույթներ, բայց նաև թերություններ, առաջինը` դասավանդման մեթոդաբանության հարցն է: Այն որ մենք օգտվում ենք ֆրանսիական դասախոսների ծառայություններից, թույլ է տալիս նաև կատարելագործել այս համակարգը: Նախ ուսանողներն են սովորում, դառնում էլ ավելի պահանջկոտ դասավանդման մեթոդների հանդեպ, ինչն էլ նպաստում է նրան, որ մեր դասախոսները կատարելագործվեն: Բացի այդ, առավելությունների մեկն էլ այն է, որ քննությունների կազմակերպումն ու անցկացումն անանուն է, այս հանգամանքը զսպում է շատ սուբյեկտիվ գործոններ: Դասախոսը, երբ ստուգում է ուսանողի աշխատանքը, նա ընդամենը տեսնում է տետր: Անունները հայտնի են դառնում միայն գնահատումից հետո, այն էլ վարչակազմի աշխատակիցներին, այսինքն` դասախոսը անգամ գնահատելուց հետո չի իմանում ուսանողի անունը: Այս հանգամանքը նպաստում է նրան, որ քննությունները լինեն հնարավորինս օբյեկտիվ:
Մենք ֆակուլտետում դասավանդվող առարկաների ցանկը ընտրելիս` հիմքում դնում ենք Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կրթական ծրագրերը, այն թույլ է տալիս հետաքրքիր առարկաներ ու գաղափարներ վերցնել նրանցից: Մենք շեշտադրում ենք կատարում պրակտիկ հիմքերի վրա դրված կրթության տրամադրման և շուկայում պահանջարկ ունեցող մասնագտեների պատրաստման վրա: Իրավագիտությունը շատ պրակտիկ գիտություն է, թեև չպետք է թերագնահատել տեսության առկայությունը, բայց իհարկե` տեսական գիտելիքները պետք է միշտ համեմված լինեն պրակտիկայով, որպեսզի ուսանողները կարողանան հասկանալ` ինչպես տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում: Մի հետաքրքիր հանգամանք էլ` մեզ մոտ չափազանց հետաքրքիր է կազմակերպվում ուսանողական արտադրական պրակտիկա ասվածը: Նախ 4-րդ կուրսի լավագույն ուսանողները հնարավորություն են ունենում այն անցկացնել Ֆրանսիայում: Մենք ունենք գործընկեր կազմակերպություններ, այդ թվում` ֆրանսահայ փաստաբաններ, որոնք այս հարցում օժանդակում են մեզ: Համալսարանն իր վրա է վերցնում ուսանողների բոլոր ծախսերը: Ինչ վերաբերում է Հայաստանում պրակտիկայի անցկացմանը, ապա մենք չափազանց ուշադիր ենք, որ ուսանողը չգնա պարզապես ներկայություն ստանա և վերադառնա տուն: Ուսանողները պրակտիկայի արդյունքում գրում են հաշվետվություն, որտեղ գրում են, թե ինչ են արել պրակտիկայի վայրում և որոշակի իրավական վերլուծություն, թե ինչ են արել այդ կազմակերպության համար: Որպես կանոն` գործատուներն ունեն հնարավորություն ընտրելու այն ուսանողներին, որոնց ուզում են վերցնել պրակտիկայի: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ այդ ուսանողներն աշխատանքի են անցնում նշյալ կազմակերպությունում:

Դուք խոսեցիք նաև այն հանգամանքից, որ բուհ եք հրավիրում ֆրանսիացի դասախոսներ: Ես մինչ հարցազրույցի գալը զրուցել եմ Ձեր ուսանողների հետ, ովքեր նշել են, որ ֆրանսիացի դասախոսները ընդամենը երեք օր են դասավանդում, այդ ընթացքում նրանք հապճեպ կարգով ծավալուն նյութեր են տրամադրում: Արդյոք չե՞ք ցանկանում նրանց դասավանդման ժամկետները երկարացնել` դարձնելով մեկ շաբաթ կամ թեկուզ մեկ ամիս:

Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ նրանք գային ավելի երկար ժամկետներով, սակայն նշեմ, որ մեր հաշվարկներով` եթե անգամ մեկ օրով երկարացվի նրանց անցկացումը Հայաստանում, հսկայական ծախսեր են առաջանում: Խոսքը մեկ դասախոսի մասին չէ: Այո, կուզենայինք, որ ավելի շատ մասնագետներ գային դրսից, հարցն այն չէ, որ նրանք լավագույնն են, մենք ունենք նաև հիանալի տեղացի մասնագետներ, պետք չի նրանց թերագնահատել, պարզապես միշտ էլ հետաքրքիր է` շփումը դրսի հետ: Ներկայումս Հայաստանում Ֆրանսիական համալսարանը թերևս բացառիկ բուհերից, որն իր կրթության կազմակերպման գործընթացում այսքան շատ օտարերկրյա մասնագետներ է ընդգրկել: Ավելին` եթե մենք ունենաք լրացուցիչ միջոցներ, դա թերևս առավել նպատակահարմար է ուղղենք տեղական դասախոսների որակների կատարելագործմանը և ունենանք որակյալ կադրերի մեր սեփական թիմը:

Հայաստանյան բուհերի արատավոր խնդիրներից է նաև կոռուպցիան, ֆակուլտետում կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, եթե կան, ապա ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

Սա մեր երկրի համար լրջագույն մարտահրավեր է: Ես կարող եմ վստահաբար ասել, եթե անգամ մեր համալսարանում նման բան կա, ապա այն ծայրահեղ աննկատ է, եթե մեր ուսանողներին է հարցնեք, թերևս ոչ ոք չի ասի, որ գնահատականը գումարով է ստացել կամ նման երևույթի է ականատես եղել: Նշեցի, որ քննական պրոցեսները չափազանց խիստ են ընթանում: Մենք չունենք բանավոր քննություն, դա չափազանց կարևոր է: Ուսանողները հաճախ են ասում` եկեք բանավոր անցկացնենք քննությունները, սակայն այս մոդելը չափազանց սուբյեկտիվ է: Անգամ, երբ պետական քննությունների մի մասը բանավոր է, բոլոր քննությունները տեսանկարահանվում են, որպեսզի հետո ուսումնասիրենք այն: Մաքսիմումի է հասցված վերահսկողությունը: Ավելին, մեր դասախոսները նաև աշխատում են այլ վայրերում, այնպես չէ, որ նրանց հույսը ուսանողի գումարն է: Մի ուրիշ խնդիր կա, որը կոռուպցիոն ռիսկերից ավելի ու ավելի անվերահսկելի և արդական է դառնում այսօր, այն է` ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ուսանողներին գնահատական ստանալ դժվար բացահայտելի տարբեր կեղծիքների միջոցով:

Նմանաբնույթ երևույթներ տարածվա՞ծ են Ֆրանսիական համալսարանում:

Այո, ցավոք: Մենք մեր հիմնական ակադեմիական գործը թողած, այսօր ոստիկան ենք աշխատում: Օրինակ` կան մի շարք կայքեր, որոնց կարգախոսն մոտավորապես այսպիսին է` «Ինչո՞ւ պատրաստվել քննություններին, եթե կարելի է օգտվել այս սարքերից»: Այդ սարքերը նրանք քննաշրջանի ընթացքում անգամ տալիս են վարձով: Օրիանկ, միկրոսկոպիկ ականջակալներ են, որ դնում են ականջի մեջ, արտագրում քննությունը: Մենք քննությունների ընթացքում հատուկ հսկիչներ ունենք, որոնք դրսից մարդիկ են, դրված են տեսախցիկներ, խլացուցիչներ, շատ խիստ պատասխանատվության միջոցներ ենք կիրառում հայտանաբերված խախտումների պարագայում, սակայն հարյուր տոկոսով պայքարել այս երևույթի դեմ դեռևս չի հաջողվում: Անցյալ տարիներին մոտ 15 ուսանողի հեռացրել ենք համալսարանից` ականջակալով արտագրելու համար: Այստեղ թերևս պետությունը խնդիր ունի` պայքարելու նման սարքեր ներմուծողների և քարոզողների դեմ: Սա դարձել է կրթական գործընթացներին օբյեկտիվությանը սպառանցող գլոբալ խնդիր, համալսարանները միայնակ չենք կարող պայքարել դրա դեմ: Այսօր ոչ թե կոռուպցիոն ռիսկն է խնդիր, այլ սա: Ավելին, երբ նման մեղմ ասած անբարեխիղճ ուսանողներին պատժում ենք, հաճախ ուսանողների ծնողներն անգամ չեն հասկանում, որ այս ամենը արվում է ի շահ իրենց երեխայի, որ նրանք հեղինակավոր դիպլոմ և խորացված գիտելիք ստանան:

Անդրադառնանք դիպլոմների տրամադրման խնդրին: Ձեր շրջանավարտներից անհանգստություն եմ լսել, որ դիպլոմները բավականին ուշ են տալիս, Ֆրանսիական համալսարանի դիպլոմի հարցով հասկանալի է` պետք է հաստատվի Ֆրանսիայում, նոր հանձնվի ուսանողին, սակայն հայկականը ինչո՞ւ է ուշանում, օրինակ` ուսանողն ավարտել է հուլիսին ու առ այսօր չի ստացել իր դիպլոմը:

Մենք ունենք դիպլոմների շնորհման արարողություն: Ֆրանսիայում բոլոր շրջանավարտների դիպլոմները պետք է անձամբ ստորագրի հենց կրթության նախարարը: Պատկերացրեք` հսկայական Ֆրանսիա, քանի համալսարան ունի և ինչքան շրջանավարտ է ավարտում: Անհանգստանալու կարիք չկա, ոչ մի անդիպլոմ շրջանավարտ չունենք: Տեխնիկական խնդիրներ են, որոնք, սակայն երաշխավորում են տրամադրվող դիպլոմների արաժանահավատությունը: Ավելին, մինչև դիպլոմների պատրաստ լինելը, ուսանողներին տրամադրվում է համապատասխան փաստաթուղթ, որը հավաստում է համալսարանը հաջողությամբ ավարտելու փաստը: Ես ինքս անգլիական բուհի շրջանավարտ եմ, որպես կանոն այնտեղ էլ դիպլոմների հանձնումը երկար ժամանակ է տևում:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի 

Լուսանկարները՝ Զաքար Իսկանդարյանի

Նախագծի մտահաղացման հեղինակ Կարեն Զադոյան

Այս շարքի մյուս հարցազրույցներն են`

Ի՞նչ պատասխան է տալիս Լարիսա Ալավերդյանն ուսանողին բարձր գնահատական նշանակելու խնդրանքով դիմող պաշտոնյաներին

«Նախ դեմք ձեռք բերել, այնուհետև` ներկայանալ». Ռուբեն Մելիքյան

Ո՞րն է Փաստաբանական դպրոցի թիվ 1 խնդիրը

Գագիկ Ղազինյանը` իրավաբանության կրթության և դրա զարգացմանը նպաստող ու խոչընդոտող երևույթների մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել