Շուրջ 17 մլն դրամի հափշտակության համար մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Այս մասին հայտնում են կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին:

Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։

Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել