«Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծը մեծապես կհեշտացնի ՀԿ-ների գործունեությունը

Բարդ երկխոսություններ, բանավեճեր և անհամաձայնություններ են եղել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի մշակման ընթացքում, սակայն, ի վերջո, ստեղծվել է փոխահամաձայնեցված տարբերակ, որը բխում է թե կառավարության, թե քաղաքացիական հասարակության շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

2014 թվականից ի վեր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի քննարկումներին նպաստել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 950 հազար եվրո: Ծրագիրն իրականցվում է Բրիտանական խորհրդի կողմից` գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ օրինագծի նոր տարբերակում մի շարք դրույթներ վերանայվել են` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները:

Մասնավորապես, ՀԿ ներկայացուցիչները նշում էին, որ ՀԿ-ների համար պարտադիր պահանջը, որ տարին մեկ անգամ պետք է հաշվետվություն ներկայացնել azdarar.am կայքում պետության կողմից կարող է անհարկի միջամտություններ կատարելու լծակ դառնալ, հատկապես, որ այն չկատարելու դեպքում սանկցիաները բավականին խիստ են:

Օրինագծի վերանայման արդյունքում, այդ դրույթը փոքր-ինչ փոփոխվել է, հանրային հաշվետվություններ ներկայացնելու պահանջը պարտադիր կլինի այն ՀԿ-ների համար, որոնք կֆինանսավորվեն պետական կամ հանրային միջոցներից: Իսկ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ները հաշվետու կլինեն իրենց դոնոր-ընկերություններին և անդամներին:

Մյուս խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում է օրինագծով սահմնված արգելված արարքների դեպքում սանկցիաներին, որոնք բավականին խիստ են և նույնիսկ պետությունը կարող է դիմել դատարան` պահանջով լուծարել ՀԿ-ն, եթե վերջինս մի քանի անգամ հրաժարվել է հաշվետություն ներկայացնել:

Ա. Մկրտչյանն ասաց, որ այս դրույթն էլ կվերանայվի, և հավանական է, որ ՀԿ-ի լուծարման հարցը խիստ ծարյահեղ միջոց համարվի, և ավելի մեղմ տարբերակ ներդրվի նաև այն, որ գործունեության կասեցումը լինի ժամանակավոր:

Իսկ ներկայիս գործող օրենքի համեմատությամբ, նախագիծը մի շարք առավելություններ ունի, նորամուծություններ կան, որոնք էապես կթեթևացնեն հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Մասնավորապես, Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի թիմի ղեկավար Ջոն Ռայթը շեշտեց այն, որ նախագծի ընդունվելուց հետո, ՀԿ-ները օրինապես կկարողանան իրենց աշխատանքներում ներգրավվել կամավորականներ և նաև ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվել` առանց մեկ այլ առևտրային կազմակերպություն ստեղծելու: Նրա խոսքով, այս փոփոխությունները մեծապես կհեշտացնեն կազմակերպությունների գործը:

Նրա խոսքով, իսկզբանե մտահոգություն է եղել, թե այս օրենքը կարտացոլեր գրեթե նույն դրույթները, որոնք առկա են ռուսաստանյան համապատասխան օրենքում, սակայն  այս օրինագիծն ապացուցում է, որ ՀՀ կառավարությունը  համարում է, որ հասարակական սեկտորն ազատ է և պետք է ազատ լինի իր գործունեությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել